Այսօր ժամը 13.30-ի սահմաններում Գյումրու թիվ 11 դպրոցում՝ տեղակայված 34/04 ընրատեղամաս քվեարկության եկան երկու տարեց ամուսիններ: Այս ընտրատեղամաս հասնելը բավական բարդ էր, քանի որ դպրոցի դիմաց սառցակալված փողոց է, իսկ դրանք սովորաբար, որպես երկրորդական, քաղաքապետարանի կողմից բացարձակ ուշադրության չեն արժանանում:
Տարեց ամուսինները՝ Լյովա Նահապետյանն ու Կլարա Մանուկյանը, հաղթահարելով այս ամենը, հասել էին ընտրատեղամաս, հանձնաժողովի նախագահը տեղում չէր, ամուսիններին պատասխանեցին, որ նրանց գրանցումը կա, սակայն անուն-ազգանունները ընտրացուցակում չկան: Վերջիններս բավական զայրացան ՝ մտորումների մեջ ընկնելով, թե որտե՞ղ կարող է լինել իրենց անուն-ազգանունները, միշտ հենց այս ընտրատեղամասում են իրենք ընտրություն կատարել:
Մեզ հետ զրույցում ասացին, որ նախապես իրենց անուն-ազգանունները չեն ստուգել, քանի որ վստահ են եղել, որ ֆիքսված են, տարիներ շարունակ նման խնդիր չի եղել:
Կարդացեք նաև
Այդ պահին ընդմիջումից հանձնաժողով ներկայացավ նախագահը՝ Մյասնիկ Գևորգյանը նորից նայեցին, նրանց անուն-ազգանունները գտնելու հնար չեղավ: Ու քանի որ տարեց ամուսինները ի սրտե զայրանում էին, որոշել էին պարտադիր մասնակցել հանրաքվեին, այս ձմռան կեսին հանձնաժողովականները նրանց ուղղորդեցին ոստիկանության անձնագրային բաժին ՝ թաղից թաղ գցեցին, մի բան էլ մխիթարելով, թե թիվ 22 երթուղու միկրոավտոբուսը կնստեք, անձնագրային դիմաց կիջնեք, մի քանի րոպե կտեւի:
Հանձնաժողովի նախագահը այս պատմությունից հետո մեզ պարզաբանեց, որ նրանց անձնագրերում կան իրենց գրանցման, հաշվառման վայրը, բայց ընտրացուցակներում անուն-ազգանունները չկան, նրանց ուղարկեց տեղեկանք բերեն անձնագրային սեղանից:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ