Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելիքյան. «Այո-ի շտաբները սահուն վերածվել են կաշառք բաժանելու շտաբների»

Դեկտեմբեր 06,2015 21:12

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դեկտեմբերի 6-ին Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում խոսեց համատարած խախտումների մասին: Անդրադառնալով Կոմիտաս-Բուդաղյան փողոցների խաչմերուկում գտնվող Այո-ի շտաբում կայացած միջադեպի եւ դրա հետ կապված Այո-ի շտաբի պետի տեղակալ ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի մեկնաբանությանը  տարակուսանք հայտնեց:

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը ասել է, որ հանրաքվեի օրը եւ նախորդ օրը քարոզչական շտաբ լինել չի կարող, օրենքն է սահմանափակում դնում, քանի որ այդ օրերին քարոզչությունն արգելվում է. «Այսինքն` նրա ասածից պետք է եզրակացնել, որ ավելորդ է խոսելը, արդեն գալիս է այն տրաֆարետը, որ միջոցներ կձեռնարկենք եւ այլն եւ այլն: Այս ամենից հետո ինձ մոտ կասկած չի մնում, որ այդ Այո-ի քարոզի շտաբները, եթե ամսի 4-ից դադարել են գործել, ուրեմն սահուն վերածվել են կաշառք բաժանելու շտաբների»:

Ինչ վերաբերում է «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտած  կնոջը, ապա պարոն Մելիքյանի ձեւակերպմամբ, չի բացառվում, որ վաղը նա ազատվի պատասխանատվությունից՝ հիվանդ ճանաչվելու արդյունքում:

«Վերջին տարիներին գոնե մի դեպք չեմ հիշում, որ լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառողը պատժվի: Հունիսի 23-ին տուժած լրագրողներն ասում են, թե իրենց շփումները ՀՔԾ քննիչների հետ ցույց են տալիս, որ ակնկալիք չունեն թե որեւէ մեկը կպատժվի: Ողջունելի է, որ դատախազությունը, իրավապահ մարմիններն արձագանքում են, բայց միեւնույն է, ես իմ կանխատեսումներում հոռետես եմ, եթե անգամ գործ հարուցվի, ի վերջո ամեն ինչ կբերի զրոյական մակարդակի»:

Մշտապես համապետական ընտրությունները դիտարկած Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը լրագրողների հանդեպ բռնությունների գագաթնակետը համարում է այս տարվա հունիսի 23-ի հայտնի դեպքերը ու նաեւ զարմանում է, որ Սերժ Սարգսյանն իր հայտնի հարցազրույցում իբրեւ ձեռքբերում նշել է խոսքի ազատության առաջընթացը: Ըստ պարոն Մելիքյանի, այս առումով երեք նախագահներն էլ գլուխ գովելու բան չունեն՝ Լեւոն Տեր -Պետրոսյանի օրոք ոչնչացվեց դաշնակցական մամուլը, Ռոբերտ Քոչարյանի օրոք փակվեց Ա1 պլյուսը, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք՝ հունիսի 23-ի դեպքերը, երբ ամենաշատ թվով լրագրողներ բռնության ենթարկվեցին ու ամենամեծ թվով տեսախցիկները ջարդվեցին: «Զարմանում եմ, որ դա վրիպել է երկրի նախագահի աչքից եւ որեւէ մեկը լուրջ պատասխանատվության չի կանչվել»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Վաղը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031