Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապաքաղաքական քաղաքացու ընտրությունը

Դեկտեմբեր 06,2015 20:45

Անկեղծ ասած՝ մինչեւ այսօր ժամը 18-ը ես չկողմնորոշված քաղաքացի էի: Սահմանադրության փոփոխությունների առումով: Քարոզիչներին չեմ լսել առաջին իսկ օրվանից, որպեսզի ականջներիցս լապշա չկախեն: Ինքս մանրամասն կարդացել եմ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ մնացել չկողմնորոշված:

Ասել «Ոչ»՝ ճիշտ չէի համարում, քանի որ դա նշանակում էր, որ ինձ դուր է գալիս, ինձ ձեռ է տալիս այն վիճակը, ինչում ապրում ենք արդեն ավելի քան երկու տասնամյակ: Ասել «Այո»՝ չէի ուզում, որովհետեւ, անկախ նրանից, թե ինչ էր գրված փոփոխությունների նախագծում, մինչեւ վերջ էլ հստակ չհասկացա, թե ինչի՞ համար, ի՞նչ նպատակով նախաձեռնվեցին այս փոփոխությունները: Իսկ դա, բնականաբար, կասկածների տեղիք էր տալիս:

Խզբզել քվեաթերթիկի վրա՝ ձեռս չէր գնում. եւ հետո՝ ի՞նչ խզբզեի. հայհոյանքնե՞ր՝ սկզբունքորեն դեմ եմ, ծաղիկներ ու իշուկներ նկարեի՝ մանկապարտեզի տարիքից անցել եմ, Չակ Նորիսին հիշե՞ի՝ ժամանակավրեպ կլիներ… Մի խոսքով՝ խզբզելու տարբերակն էլ չանցավ:

Պատռել քվեաթերթիկը նույնպես չէի ցանկանում՝ չգիտեմ լավ է, թե վատ, բայց ի բնե ու ի ծնե ներքին պատկառանք ունեմ մե՛ր պետությանը պատկանող ամեն ինչի, այդ թվում՝ քվեաթերթիկների հանդեպ:

Ուտե՞լ քվեաթերթիկը… չէ, կներեք, շնորհակալ եմ, այդքան էլ գաղափարական մարտիկ չեմ:

Վերջին տարբերակն էի ընտրել՝ պարզապես չգնալ քվեարկության: Բայց քաղաքացիական պարտքի զգացողությունը այնպես էր կրծում ինձ, որ չէի կարողանում տեղս «տիտիկ» անել:

Իսկ երբ երեկոյան վերջապես ժամանակ գտա համացանց մտնելու՝ որոշումս միանգամից կայացրեցի: «Այո»-ի, այն է՝ իշխանության կողմից վարձված թափթփուկների պահվածքն արձանագրող մի քանի տեսանյութեր նայելուց հետո հասկացա, որ եթե նրանք այդ ամենն անում են «Այո»-ի համար, ուրեմն ես պետք է «Ոչ» ասեմ:  Չգիտեմ, թե էլի քանի մարդ է վարվել ինձ պես՝ ի հակառակ այլանդակությունների, բայց մի բան գիտեմ հաստատ՝ երբեք որեւէ լավ նպատակի համար կեղտոտ ճանապարհ չեն ընտրում: Նպատակը չի՛ արդարացնում միջոցները:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ.Գ. Իմ տեղամասում, առնվազն երեկոյան 18-ի սահմաններում, ամեն ինչ հանգիստ էր: Եվ միայն տուն վերադառնալու ճանապարհին որոշակի անհանգստություն ապրեցի, երբ տեսա, թե ինչպես են մոտ երկու տասնյակ ավտոբուսներով ոստիկանության ներքին զորքերը շարժվում դեպի քաղաքի կենտրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031