Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւազգեստ ջահելների թիկնապահությամբ հանրաքվե՝ Գյումրու Սլաբոդկա թաղամասում. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2015 19:52

Գյումրու Սլաբոդկա թաղամասում գտնվող թիվ 1-ին դպրոցը թեեւ ընտրատեղամաս է, սակայն որեւէ տեղ այդ մասին չի հիշատակվում: Այստեղ է տեղակայված թիվ 34/29 ընտրատեղամասը, դպրոցի մի սենյակում, որը, սակայն, դրսից հսկում են սեւ շորեր հագած մի խումբ երիտասարդներ:

Վերջիններս մեր գտնվելու պահին անընդհատ բացում-փակում էին դուռը, թեեւ պարզեցինք, որ առավոտից այդտեղ պահակություն են անում: Մեր գտնվելու պահին երիտասարդներից մեկը, սուրճի բաժակը ձեռքին, երկու հոգու ուղղորդեց ներս: Aravot.am-ը հանձնաժողովի նախագահ Արման Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են անում այդ ջահելները ընտրատեղամասի դիմաց, ինչո՞ւ են րոպեն մեկ դուռը ճռռացնելով բացում ու փակում:

IMG_1414 IMG_1415 IMG_1417
Հանձնաժողովի նախագահն ասաց, որ միջանցքը, որտեղ փակցված են ցուցակները, փոքր է, եւ այնպիսի տպավորություն է, թե մարդիկ են կուտակված: Դիտարկմանը, թե նույն մարդիկ են կանգնած, հանձնաժողովի նախագահն ասաց, որ դուրսը հսկելը հանձնաժողովի գործառույթների մեջ չի մտնում: Այստեղ միջամտեց ընտրատեղամասում այսօր աշխատող «Ասպարեզ» օրաթերթի լրագրող Էմմա Բաղդասարյանը՝ հանձնաժողովի նախագահին շշպռելով, թե հանձնաժողովի նախագահը պատասխանատու է մինչեւ 150 մետր շառավիղի համար: «Որտե՞ղ է գրված»,- հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահը: «Բոլոր օրենսդրական ակտերում, բացեք, կարդացեք»,- ասաց լրագրողը:

Հանձնաժողովի նախագահը նեղվեց, թե հիմա ես պիտի նստեմ, նայեմ, թե 150 մետրի վրա ի՞նչ է կատարվում: Նա հիշեցրեց, որ դա իր պարտականությունը չէ, այլ ոստիկանինն է: Մեր հարցին ՝ բա ոստիկաններն ո՞ւր են, հանձնաժողովի նախագահը հուզվեց. «Դիմացը կանգնած է ոստիկանը, նախագահին տեսնում եք, ոստիկանին չե՞ք տեսնում»: «Մենք ոստիկան չենք տեսել, այստեղ ոստիկան չկա»-, ասացինք մենք, որին ի պատասխան հանձնաժողովի նախագահն նետեց. «Ուրեմն Ձեր խնդիրն է, որ չեք տեսնում ոստիկանին, փոքր է եղել ուրեմն ոստիկանը»:

Մինչ մենք հարցազրույց էինք անցկացնում, սեւազգեստ երիտասարդներից մեկը անընդհատ բացում-փակում էր դուռը՝ հայտնվելով մեր տեսախցիկում: Նշենք, որ Սլաբոդկան Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թաղամասն է, նա այստեղ է բնակվում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031