Լրահոս
Օրվա լրահոսը

Գնացել են ընտրության, պարզվել է` իրենց փոխարեն արդեն քվեարկել են. համատարած ընտրախախտումներ Գյումրիում

Դեկտեմբեր 06,2015 19:45

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներն ահազանգում են Գյումրիի մի շարք ընտրատեղամասերում գրանցված ընտրախախտումների մասին: Մասնավորապես Գյումրու թիվ 41 դպրոցում Գագիկ եւ Վաղինակ Գևորգյանները գնացել են քվեարկելու ու պարզել, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են: Նույն խնդիրն է գրանցվել նաև Գյումրու թիվ 23 դպրոցում տեղակայված  ընտրատեղամասում. քաղաքացու եւ ընտանիքի անդամների անունների դիմաց քվեարկված է եղել, նախագահը խոստացել է հանձնաժողովի հետ քննարկել հարցը, բայց խախտումը չեն մուտքագրել գրանցամատյան:

Նշված երկու ընտրատեղամասերն էլ գտնվում են թիվ 34 ընտրատարածքի ներքո: Aravot.am-ը նշված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանից հետաքրքրվեց՝ արձանագրված խախտումների առիթով ի՞նչ քայլեր են ձեռնարկվել, պարոն Բաղրամյանը պատասխանեց. «Այդ մասին մենք տեղեկություններ չունենք, տեղեկություններ կունենանք ավելի ուշ, երբ տեղամասերն ամփոփեն իրենց ընտրությունները ու փաստաթղթերը հանձնեն մեզ: Այդ ժամանակ մենք բոլոր մատյանների գրառումները ստուգում ենք և այդ մասին իմանում ենք համապատասխան ընթացք տալու համար»:

Մեր այն դիտարկմանը՝ այդ ժամանակ արդեն ուշ չի՞ լինի, հիմա քաղաքացիները չեն կարողանում քվեարկել և հարցը այդպես էլ չի կարգավորվում, հանձնաժողովի նախագահն արձագանքեց. «Մենք պարտավոր ենք բոլոր գրանցամատյաններում կատարված գրառումների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկել ու մոտեցումներ ցուցաբերել: Մենք ունենք բազում ընտրատեղամասեր ու չենք կարող դադարեցնել ընտրությունը և կոնկրետ խնդիր ուսումնասիրել: Գրանցամատյանը հենց դրա համար է ստեղծված, որ ֆիքսվի տեղի ունեցած բացթողումը ու հետագայում ընտրատարածքայինը որպես վերադաս տա իր եզրահանգումը»:

Միջադեպեր են գրանցվել նաև թիվ 33 ընտրատարածքում: Մի քանի րոպեով անջատվել են թիվ 19 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի լույսերը, սկսել է խառնաշփոթ: Aravot.am-ի հետ զրույցում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Արթուր Խաչատրյանը պնդեց, թե հնարավոր չէ, որ իրենց ընտրատարածքում նման բան եղած լինի ու վստահեցրեց. «Մեր նախագահը ընտրություն է կատարել հենց այդ ընտրատեղամասում և հնարավոր չէր, որ դրա մասին տեղյակ չլիներ»:

Նշենք, որ ըստ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների՝ ընտրախախտումներից անմասն չեն մնում նաև Վրաստանում:  Մասնավորապես Վրաստանի Նինոծմինդա քաղաքում «այո»-ի ոչ պաշտոնական շտաբ են բացել, ՀՀ քաղաքացիներին իրենց անձնագրերով հավաքում բերում են Հայաստան քվեարկելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031