Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում կուսակցությունների կողմից նշանակված վստահված անձինք մինչ այս պահը հաշտ չեն իրար հետ: ՀՀԿ-ի եւ ՀԱԿ-ի վստահված անձանց միջեւ հերթական լեզվակռիվը սկսվեց, երբ ՀՀԿ-ի վստահված անձ Սուրեն Ներսեսյանը տեղամաս մտնելուն պես համբուրեց քաղաքացիներից մեկին, որը կոմպոզիտոր է:
«Հերիք է բոլորին պաչեք՝ ուղղորդեք»,-բղավեց ՀԱԿ-ի վստահված անձ Անի Ասլանյանը, ինչին ի պատասխան ՀՀԿ-ի վստահված անձ Սուրեն Ներսեսյանն ասաց, թե՝ «ճանաչում է, դրա համար էլ պաչում է, ում ինչ գործն է»:
Այնուհետեւ բանը հասավ անձնական վիրավորանքներին. Ներսեսյանն Ասլանյանին ասաց՝ «Մարդ լինեիր, քեզ էլ պաչեին», ինչից հետո հանձնաժողովի անդամ, «Ժառանգությունից» ներկայացված Հովսեփ Խուրշուդյանը միջամտեց՝ հորդորելով չվիրավորել աղջկան: Լեզվակռվին խառնվեց ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը՝ պահանջելով մոռանալ միջադեպը եւ շարունակել աշխատել:
Կարդացեք նաև
Նշենք, որ այս պահի դրությամբ, ինչպես մեզ փոխանցեց հանձնաժողովի նախագահը, 9/11-ում արդեն քվեարկել է մոտ 650 քաղաքացի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ