Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդ. «Ոստիկանությունն օգնում է ընտրախախտողներին»

Դեկտեմբեր 06,2015 19:12

«Մեդիա կենտրոնում» շարունակվում են Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի  ու գրանցված խախտումների վերաբերյալ քննարկումները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանն, օրինակ` փաստում է, որ ըստ իրենց դիտարկումների, ընտրացուցակներում կան բազմաթիվ մարդիկ, որոնք բացակայում են հանրապետությունից:

Նա նաեւ հավելում է, որ երբ փորձում են ստուգել ցուցակները, հաճախ ամեն ինչ ավարտվում է սպառնալիքներով. «Լոռու մարզի 30 ընտրատարածքի հանձնաժողովի նախագահը սպառնացել էր դիտորդներին, որ կձերբակալեն ապօրինի գործունեություն իրականացնելու համար: Հետաքրքրիր է, որ ՀՀԿ անդամները ստուգում են, թե ով է եկել, ով՝ ոչ,  նորմալ է ընկալվում, բայց դիտորդների պարագայում ասում են՝ ձեզ կձերբակալեն, դիտորդներն իրավունք չունեն ցուցակները նկարել»:

Նրա խոսքով. «Ցուցակներում բազմաթիվ են անճշտությունները, դրանից հետո եղան լցոնումներ, աննախադեպ են խախտումների ծավալները, սա մեր պատկերացրած ամենավատից ամենավատն է: Մեր դիտորդները զանգահարում ասում են՝ մեծ ծավալի են լցոնումներն ու խախտումները, ահաբեկում են իրենց»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ ի սկզբանե եղած մասսայական ապատիան  եւ կացնային մեթոդները շարունակվում են, վերջին 4-5 տարիներին ՀՀ քաղաքական դաշտը փոշիացել է, դրա համար էլ ակտիվ են ՀԿ-ները, որոնք էլ հարցեր են լուծում:

«Կարծում եմ՝ Այո-ի կողմնակիցները շատ ավելի շատ բան արեցին, իսկ Ոչ-ը բաժանվեց մի քանի հատվածի, մի մասն ասում էր փողը վերցրեք ասեք՝ ոչ, մի մասն ասում էր բոյկոտեք, մյուս մասն ասում էր գնացեք ո՛չ քվեարկեք, ի սկզբանե պետք է արվեր այնպես, որ քաղաքական քննարկումներ լինեին, հետո ամեն ինչ հանձնվեր մասնագետներին, մինչդեռ քաղաքականն ու իրավականը խառնվեցին իրար հետ»,-ասում է քաղտեխնոլոգը:

Վարդինե  Գրիգորյանը մտահոգված է ոստիկանության պահվածքով: Նրա ձեւակերպմամբ, ոստիկանությունն օգնում է ընտրախախտողներին. « Միշտ էլ բազմաթիվ ահազանգերի արդյունքում  լինում է ընդամենը մեկ քրեական գործ, որն ավարտվում է ինչ-որ տույժով: Մեզ մոտ ամենաանպաշտպան անձը քրեական հանցագործության դեմ վկայողն է, մանավանդ ոստիկանությունը կարող է պայմանավորվել ընտրախախտողի հետ, եւ  հետո ահազանգողին մեղադրեն սուտ մատնության մեջ»:

Կարեն Քոչարյանը պնդում է, որ քաղաքական դաշտ չկա Հայաստանում, ժամանակն է «ռեսթարթ» անելու, որպեսզի իրավիճակը փոխվի: Ինչ վերաբերվում է Վարդինե Գրիգորյանին, նա էլ փաստում է, որ ժամը 17-ի դրությամբ ընտրողների 39 %-ը շատ բարձր թիվ է, դա ցույց է տալիս, որ մասնակցության  մեծ մասը իրական մասնակցություն չէ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031