Քիչ առաջ «Մեդիա կենտրոնի» հյուրերն էին Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ արձակագիր, դրամատուրգ, Մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանը:
Ռուբեն Բաբայանը, խոսելով վստահության մասին` ասաց, որ վստահությունն անհրաժեշտ է ոչ միայն այս գործընթացին, այլ ընդհանրապես` յուրաքանչյուր գործ անելուց: «Ցավոք սրտի վստահությունը մենք, նկատի ունենալով լայն շերտերը, փորձում ենք ոչ այդքան վաստակել` որքան մուրալ: Մենք մուրում ենք վստահությունը` վստահեք մեզ եւ կտեսնեք, որ ամեն ինչ կլինի ավելի լավ: Ընդ որում` դա ասում է ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը: Ես ոչ մեկին չեմ ուզում վստահել, ուզում եմ վստահել անցյալին եւ ուզում եմ վստահել պարզ տրամաբանությանը: Ես ուզում եմ, որ ինքնուրույն կայացնել այն որոշումները` որոնք ես կկայացնեմ եւ դրա համար ես խնդրում եմ, որ ինձ հետ խոսեն անկեղծ, լուրջ եւ հարգելով, հարգելով իմ մտավոր ունակությունները, այլ ոչ թե զբաղվելով էժան քարոզչությամբ, ինչը որ այսօր արգելված է անել»:
Ըստ նրա, այս օրերին Ազատության հրապարակում ընթացող գործընթացը կարծես թե իր առջեւ խնդիր է դրել հեղափոխության, որը, պարոն Բաբայանը մեկնաբանեց, որ, եղանակի տեսակետից այդքան էլ լավ ժամանակ ընտրված չէ, որին Կարինե Խոդիկյանը հիշեցրեց «Հոկտեմբերյան» հեղափոխության ժամկետը, իսկ պարոն Բաբայանն էլ ի պատասխան տիկին Խոդիկյանի` ասաց, որ արդյունքն էլ տեսանք:
Ռուբեն Բաբայանի խոսքերով, ժողովրդին միավորելու համար պետք է լուսավոր նպատակ եւ խնդիր, ինչպես Ղարաբաղյան շարժումը. «Մենք պաշտպանում ենք մեր հայրենակիցներին, Հայաստանի անկախություն` լուսավոր խնդիր է եւ միայն բացասականի վրա հիմնված լինելով հնարավոր չէ մեծ թվով մարդկանց դուրս բերել հրապարակ: Հեղափոխությունը ընդունում եմ գիտության մեջ, արվեստում, բայց քաղաքականության մեջ կարծում եմ նա միշտ եղել է պարզունակ եւ բերել է ոչ այդքան լավ հետեւանքներ»:
Կարդացեք նաև
Հեղափոխության դեմ արտահայտվեց նաեւ Կարինե Խոդիկյանը` ասելով, որ հեղափոխությունը սկսում եւ գիտենք թե ովքեր են ավարտում: Իսկ ինչ վերաբերվում է վստահությանը` նա ասաց, որ եթե մեր երկրում մի հսկայական եւ անլուծելի խնդիր կա, ապա դա վստահությունն է, որը ըստ նրա, ոչ միայն իշխանություն եւ ընդդիմություն հետ է կապված, այլ մարդկանց մեջ էլ է վստահությունը պակասել. «Նույնիսկ մարդկային հարաբերություններում զգում ենք այդ վստահության պակասը»,- ասաց արձակագիրը:
Տիկին Խոդիկյանը նշեց նաեւ, որ այս հանրաքվեն կանցնի թե չի անցնի, ով ինչպես իր ապագան տեսնում է, այնպես էլ կշարունակի իր գործունեությունը մեր երկրում:
«Մեզ մոտ տեսնում ենք, որ հենց որ պաշտոնավորման երդումը տվեցին, երկրորդ պահից մտածում են` ինչպես պապուց պապ մնան իշխանության վրա: Չի լինում բարեկամներս, գուցե ձեզ համար դա լավ է, բայց երկրում փոփոխություն է պետք, որը պետք է ապահովվի այն իշխանությունը, որը հիմք կստեղծի հաջորդ եկողի համար»,-ասաց տիկին Խոդիկյանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ