Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հանձնաժողովի նախագահը լավ չի լսում, դրա համար բարձր է խոսել լրագրողի հետ»

Դեկտեմբեր 06,2015 17:24

Դիտորդների ահազանգերի և խախտումների թվով ռեկորդայիններից է թիվ 1 ընտրատարածքը: Այս ընտրատարածքում գտնվող ընտրատեղամասերում տարաբնույթ խախտումներ են արձանագրվել:

Մասնավորապես՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդները հաղորդում են. «ՀՀԿ-ի վստահված անձը քվեարկողներին ուղեկցել է քվեարկության սենյակ, հետևել, որ քվեարկեն և նրանց հետ դուրս եկել: Նրա մոտ չի եղել վստահված անձի փաստաթուղթ, նա գրանցամատյանում գրանցված չի եղել, որևէ կարգավիճակ չի ունեցել, սակայն բանավոր հարցման ժամանակ ներկայացել է որպես ՀՀԿ-ի վստահված անձ»:

Մյուս ահազանգը վերաբերում է Ավանի թիվ 1/08 ընտրատեղամասին, որտեղ ընտրատեղամասի նախագահը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել ընտրողների, դիտորդների նկատմամբ»:  Մասնավորապես ՔՀԻ դիտորդի նկարած տեսանյութում երևում է, թե ինչպես է վերջինս հարձակվում «Ասպարեզ» օրաթերթի լրագրողի վրա:
Կամ Նոր Նորքի 1/24 տեղամասում չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը. «Քվեախցիկների ետևում դուռ և պատուհան կա և երևում է, թե քաղաքացիներն ինչպես են քվեարկում»:

Մեկ այլ ահազանգի համաձայն՝ «Միլենա» տաքսի ծառայությունը շարունակաբար 1/08 տեղամաս է բերում ընտրողների:

Aravot.am-ը այս առիթով պարզաբանումներ ստացավ թիվ 1 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Հայրապետյանից: Ընտրատեղամասի նախագահի ագրեսիվ պահվածքի մասին պարոն Հայրապետյանն ասաց. «Ընդհանրապես հանձնաժողովի նախագահը լավ չի լսում, դրա համար ինքն ընդհանրապես բարձր է խոսում: Բայց նաև կա այն հանգամանքը, որ լրագրողը խախտել էր օրենքը և իր իրավունքները չարաշահել: Նա մոտեցել էր ընտրողների ցուցակը գրանցող աշխատողին, որի մոտ ստորագրություններն են, սկսել էր այդ ցուցակը նկարել, որի իրավունքը ոչ մեկ չունի: Այնինչ ընտրողների ցուցակներից քաղվածք կարելի է անել միայն իրավաբանների համար, որ հիմնավորում ունենան այս կամ այն երևույթը հաստատելու համար: Լրագրողը զգուշացումը չի ընդունել և հակաճառելու պատճառով վիճաբանություն է առաջացել: Հանձնաժողովի նախագահը, իհարկե, կարող էր ավելի քաղաքակիրթ մոտեցում ցույց տալ, կանչել ոստիկանին և լրագրողին դուրս հրավիրել: Բայց ևս մեկ հանգամանք կա. հոգնածությունից բարձր ենք խոսում, նույնիսկ ինձ չճանաչող մարդիկ կարող են մտածել, որ բարձր եմ խոսում»:

Պարոն Հայրապետյանը պնդեց, թե ահազանգերի 99 տոկոսը շինծու աղմուկ են, և եթե մեկի մեջ էլ ճիշտ բան կա, պետք է հիմնավորում լինի:

Դառնալով այն լուսանկարներին, որտեղ երևում է, որ քվեախցիկում երկու անձ կա, պարոն Հայրապետյանը պարզաբանեց. «Այդ նկարում հանձնաժողովի նախագահն է խցիկում, մեկի հետ կանգնած: Ես բացատրեցի, որ օրենքով օգնություն թույլատրվում է. օգնող անձի տվյալները գրանցամատյանում գրանցելուց և փաստաթուղթ ներկայացնելուց հետո անձը կարող է օգնել, բայց մեկ հոգու ընդամենը մեկ անգամ: Ամուսինը կնոջն է օգնել դրա մեջ խախտում չկա»:

Պարզաբանելով այն ահազանգը, որ քվեախցի հետում դուռ ու պատուհան կա և գաղտնիությունը չի ապահովվում, պարոն Հայրապետյանն ասաց. «Մեր ոչ մի ընտրատեղամասում քվեախցիկն այնպես դրված չէ, որ հետևում դուռ կամ պատուհան լինի: Ունենք երկրորդ հարկում տեղադրված քվեախցիկներ, որոնց հետևում դուռ կա, բայց դուռը փակված է: Ես էլ կարող եմ հերյուրանքներ հնչեցնել, ասել, որ, օրինակ նկարողը գլխի վրա էր քայլում»:

Դառնալով «Միլենա» տաքսի ծառայության՝ ընտրողներին շարունակաբար 1/08 ընտրատեղամաս տանելու ահազանգերին՝ պարոն Հայրապետյանը դրանում ոչ մի կասկածելի բան չտեսավ ու փորձեց մեզ համոզել. «Բնակիչներն այդ տաքսի ծառայությանը մոտ են ապրում, այդ տեղամասում էլ քաղաքային տրանսպորտը լավ չի աշխատում, դրա համար քաղաքացիներն օգտվել են այդ տաքսի ծառայությունից: Քաղաքում բազում տաքսի ծառայություններից են մարդիկ օգտվում, մարդկանց մեղադրե՞նք: Էդ մարդիկ լավ աշխատում են, լավ էլ տոկոս կմուծեն այսօրվա համար»:

Պարզաբանելով ՀՀԿ-ի վստահված անձի կողմից կատարվող ուղղորդումներին՝ պարոն Հայրապետյանն ասաց. «Բոլոր կուսակցությունների վստահված անձինք այնքան իրավունքներ ունեն, որքան ընտրատեղամասի հանձնաժողովի ոչ մի անդամ չունի: Վստահված անձանց իրավունքները չափից շատ են և կապ չունի, որ կուսակցությունից է: Չենք հավատում, թե ով որ կուսակցությունից է. այդ կուսակցության վստահված անձի վկայականը կախում են, բայց լրիվ այլ կուսակցությունից են պարզվում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031