Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Այո»-ից ավելի մեզ հետաքրքրում է հանրաքվեի լեգիտիմությունը»

Դեկտեմբեր 06,2015 17:18

ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը Զեյթունի 3/13 ընտրատարածքում քվեարկելուց հետո զրուցեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: «Քվեարկեցի հանուն այն Հայաստանի, որի մասին վաղուց երազում էինք՝ մինչեւ հիմա կատարված սխալներն ուղղելու, որպեսզի այլեւս իշխանությունը եւ պետությունը չնույնանան, վերանա իշխանություն-ժողովուրդ օտարումը եւ իսկապես սկսենք խորքային լուրջ բարեփոխումների մի ընթացք: Վստահ եմ, որ հանրաքվեի հաջողվելու պարագայում գործը նոր-նոր սկսվելու է եւ դեկտեմբերի 6-ից հետո, իհարկե, եթե անցնի հանրաքվեն, ժողովուրդը կտեսնի դրա ամենակարեւոր, ամենագլխավոր արդյունքները՝ հանրաքվեից բխող բոլոր օրենսդրական փոփոխությունների կատարման հետեւանքով», – ասաց ընկեր Ռուստամյանը:

Խոսելով հանրաքվեի ընթացքի մասին՝ Ա. Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը կեղծիքների մասին ահազանգեր դեռ չի ստացել եւ եթե լինի, իրենք քվեարկության ավարտին ամփոփ այդ մասին կասեն:

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ լրագրողները արդեն իսկ խախտումներ հայտնաբերել են եւ «Ոչ»-ի ճակատն առհասարակ աղաղակող խախտումների մասին է բարձրաձայնում, հատկապես լրացուցիչ ցուցակներով կքվեարկության հարցում, իսկ Դաշնակցությունը նման երեւույթներ չի արձանագրում, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Ես չեմ կարող հիմք ընդունել մեկ կողմի հայտարարությունը: Լրացուցիչ ցուցակներով ընտրելու նոր կարգը մեզ էլ է անհանգստացնում: Բայց, կարծում եմ, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավոր կեղծիքները չեզոքացնենք: Մենք բոլոր տեղամասերում ունենք մեր ներկայացուցիչները եւ հենվելու ենք մեր ներկայացուցիչների տված տեղեկատվության վրա: Ընտրակեղծիքներին արձագանքողները արձագանքում էին դեռ մինչեւ քվեարկությունը սկսվելը: Բնական է՝ մարդիկ կան, որոնց քաղաքական առումով ընդհանրապես ձեռք չի տալիս, որպեսզի սահմանադրությունը փոխվի: Ես զարմանում եմ նրանց վրա, ովքեր վաղուց երազում էին կառավարման համակարգը փոխելու մասին, հիմա դեմ են: Դա՝ նրանց խղճի վրա: Ես վստահ եմ՝ ինչ էլ լինի, նրանք ասելու են, որ հանրաքվեն կեղծված է: Հանրաքվեն ինչպես էլ լինի, մենք հստակ ենք ասել, որ «Այո»-ից ավելի մեզ հետաքրքրում է հանրաքվեի լեգիտիմությունը: Օրինակ, հիմա, այս ընտրատարածքում մենք տեսնում ենք, որ մարդիկ ակտիվ գալիս ու նորմալ քվեարկում են: Մենք քարոզարշավի ժամանակ ժողովրդի մեջ եղած դժգոհությունները արձանագրել ենք: Բայց երբ բացատրել ենք, որ այսօրվա վիճակի պատճառը միայն անձանց հետ կապված չի, այլ համակարգի արդյունք է, կես ժամն էլ բավական էր լինում, որ ընդունեն»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ՀՅԴ բոլոր ընկերներին և այս հոդվածը ՛՛լայքողներին՛՛.
    Ինչպես Արծվիկ Մինասյանն էր ասում. ՛՛Ճիշտ է, Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծիքներով, սակայն նա ինձ համար լեգիտիմ նախագահ է՛՛, այնպես էլ, եթե այսօր նրանց կրտսեր՝ բայց ավագ ընկեր ՀՀԿ-ին հաջողվի ՛՛անհրաժեշտ՛՛ քանակով լցոնել, իսկ պակասն էլ նկարել, ապա չեմ զարմանա, եթե ասեն. ՛՛Հանրաքվեն, ճիշտ է, անցավ աննախադեպ կեղծիքներով, սակայն, քանի որ մենք իրավական երկիր ենք, արձանագրված արդյունքը մեզ համար լեգիտիմ է: Միացյալ Հայաստանի տեսլականը այլևս շատ մոտ է, ընկերնե՛ր՛՛…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031