«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն Ազատության հրապարակում այսօր լրագրողների հետ երկրորդ հանդիպման ժամանակ ասաց, որ շարունակում են մի շարք ընտրակեղծիքներ արձանագրել տարբեր ընտրատեղամասերում. «2012 թ. ընտրությունների ժամանակ լցոնում, որպես այդպիսին, չկար, վերացել էր: Հիմա, փաստորեն, այդ գործիքակազմը վերադարձել է Հայաստանի ընտրական պրակտիկա:
Համատարած 9-րդ ձև (անձնագրի փոխարեն ժամանակավոր փաստաթուղթ) է բաժանվել: Փաստորեն, անձնագրային վարչությունները դարձել են փաթեթներով 9-րդ ձև տվող գրասենյակներ: Կոտայքի մարզի շատ գյուղերում գյուղապետների գլխավորությամբ է տեղի ունենում քվեարկությունը: Այսինքն՝ մինչև չեն իմանում, թե տվյալ գյուղացին ինչ է քվեարկելու, քվեարկություն տեղի չի ունենում»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
«Եթե նախորդ ընտրություններին մահացածները «կենդանանում էին», արտագաղթածները՝ «վերադառնում», ապա այս անգամ բնակչության թիվն է ավելացել»,- հավելեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը:
Ի դեպ, նա հայտարարեց, որ Ազատության հրապարակում արդեն 5-րդ օրը շուրջօրյա հավաք անցկացնող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դիտորդական առաքելություն իրականացնող քաղաքական և հասարակական գործիչներին հարթակ կտրամադրի նրանց կողմից արձանագրված բոլոր ընտրախախտումների մասին բարձրաձայնելու համար:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ