«Խնդիրները կապված են լրացուցիչ ցուցակների եւ դրանցով տրված տեղեկանքների հետ: Մարդը գալիս է եւ ասում, որ մարզից է եւ ցույց է տալիս տեղեկանքը, որ այստեղ է աշխատում եւ ապրում, այդ պատճառով էլ հարմար է այստեղ քվեարկել: Հարցնում եմ՝ որտե՞ղ է բնակվում, ասում է՝ Կիեւյանում: Բայց տեսնում եմ, որ գրված է Զորափի 1…ի՞նչ Կիեւյան: Բա եթե Կիեւյանում է գրանցված, ինչո՞ւ է եկել Պարոնյանում քվեարկում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ Հովսեփ Խուրշուդյանը, որը նշանակված է «Ժառանգություն» կուսակցության կողմից:
Խուրշուդյանը նշեց, որ երբ այլ վարչական շրջաններում ապրող քաղաքացիներից հետաքրքրվում է, թե ինչու են եկել 9/11-ում քվեարկելու, վերջիններս չեն կարողանում տրամաբանական պատասխան տալ. «Մեկից անձնագիրն եմ խնդրում՝ ձեռքերը դողում են: Այսինքն, զգում են, որ ինչ-որ բան այն չեն անում: Չնայած այդ դեպքում էլ ոչ մեկ որեւէ երաշխիք չունի, թե նրանք ինչպես են քվեարկելու: Դրա համար երբ տեսնում եմ, որ գալիս են խմբով-տեղեկանքով մարդիկ, հիշեցնում եմ, որ քվեարկությունը գաղտնի է եւ որեւէ մեկը չի կարող բռնանալ իրենց խղճով քվեարկելու իրավունքի վրա: Երբ մարդուն կեղծ փաստաթուղթ են տալիս, որ գնա այսինչ տեղում քվեարկի, ուրեմն ինչ որ ուղղորդում կա»:
Խուրշուդյանը փաստեց, որ ընտրատեղամասում փոքր-ինչ լարվածության մթնոլորտ է տիրում. «Միանգամից խմբով շատ են գալիս, ինչը դժվարացնում է աշխատանքը: Ակնհայտ է, որ նրանց խմբով էլ բերում են՝ ավտոբուսով կամ գազելով»:
Կարդացեք նաև
Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ անհրաժեշտ է հրապարակել արդեն իսկ քվեարկած քաղաքացիների թե լրացուցիչ եւ թե հիմնական ցուցակները. «Ինչքան այդ հարցը շատ ենք բարձրաձայնում, այնքան սահմանափակում են քվեարկած լրացուցիչ ընտրացուցակներին ծանոթանալու հնարավորությունները: Եթե առաջ տեղամասայինում գոնե քաղվածք անելու հնարավորություն կար, հիմա դա էլ են հանել: Այսինքն, միայն վերահաշվարկի ժամանակ կարող ես ծանոթանալ ընտրացուցակներին, որպեսզի տեսնես՝ բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկե՞լ են, թե ոչ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ