Գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը քիչ առաջ հրապարակեց մինչեւ հանրաքվեն եւ հանրաքվեի օրը ժամը 13:00-ի դրությամբ ստացված դիմումների մասին տեղեկատվություն:
Նա նշեց, որ քարոզչության ընթացքում գլխավոր դատախազությունը ստացել է հանցագործության մասին 1 հաղորդում՝ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կողմից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդագրությունը, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առերեւույթ խոչընդոտի դեպքի մասին: Հանձնաժողովի անդամը 2015 թվականի նոյեմբերի 30-ին ձերբակալվել է, իսկ դեկտեմբերի 3-ին ներգրավվել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ որպես խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը:
Արմեն Մարուխյանը հայտնեց, որ քվեարկության օրը մինչեւ 13:00-ն ընկած ժամանակահատվածը գլխավոր դատախազությունում եւ դատախազության տարածքային ստորաբաժանումներում ընտրախախտումների վերաբերյալ գրավոր դիմում-հաղորդումներ չեն ստացվել: Զանգվածային լրատվության միջոցներում հնարավոր խախտումների մասին 10-ից ավելի հրապարակումներին ընթացք է տրվել, դրանք ուղարկվել են ստորաբաժանումներ, նրանցում նշված հանգամանքների իսկությունը հասկանալու համար: Նա նշեց, որ առերեւույթ հանցագործության հատկանիշների հիմնավորումների դեպքում, դրանց համապատասխան ընթացք կտրվի:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև