Այս հանրաքվեի ընթացքում զանգվածային բնույթ են կրում դիտորդների՝ ընտրողների ցուցակին խոչընդոտելու դեպքերը:
Aravot.am-ի հետ զրույցում «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ-ի իրավաբան Լուսինե Հակոբյանն ահազանգեց, թե ընտրատեղամասերի և ընտրատարածքների նախագահները Ցերբերի նման հսկում են ընտրողների ցուցակները:
Նա նշեց, որ օրինակ, 8/27, 11/21 տեղամասերում ու ևս հարյուր ընտրատեղամասերում համատարած թույլ չեն տալիս, որ դիտորդները մոտենան ընտրողների ստորագրած ցուցակներին:
Մեր այն դիտարկմանը, թե ընտրատարածքների ու ընտրատեղամասերի ղեկավարները, հղում կատարելով ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածին, նշում են, որ դիտորդն իրավունք չունի ընտրողների ցուցակից գրառումներ կատարել, Լուսինե Հակոբյանը, վկայակոչելով նույն հոդվածը նշեց. «Այս հոդվածով սահմանվում է, որ բացառություն են կազմում ընտրողների ստորագրած ցուցակները, որից դիտորդն իրավունք չունի անելու պատճե և ստանալու քաղվածք, իսկ քաղվածքը միակ փաստաթուղթն է, որը կազմում է դիտորդը և վավերացվում է ընտրատեղամասի նախագահի ստորագրությամբ և կնիքով: Այնինչ դիտորդը նման քաղվածք չի անում, այլ նշումներ է կատարում»:
Կարդացեք նաև
ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Դիտորդն իրավունք ունի անարգել ծանոթանալու քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի` ընտրողին տրամադրած համապատասխան տեղեկանքին, ստանալու դրանց պատճենները կամ դրանցից քաղվածքներ (բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների), քվեարկության արդյունքների վերահաշվարկի ժամանակ ինքնուրույն կատարելու քաղվածքներ ընտրողների ստորագրած ցուցակներից»:
Լուսինե Հակոբյանը մեր զրույցում նկատեց, որ ընտրատեղամասերում հասկացել են, որ ընտրողների ցուցակները մեծ պրոբլեմ են, քանի որ դրանք են ուռճացվում և դրանցում են ներառված մարդիկ, որոնց փոխառեն կատարում են ընտրակեղծիքներ. «Հետևաբար մեր դիտորդներին թույլ չի տրվում որևէ կերպ վերահսկել, ծանոթանալ ընտրողների ստորագրած ցուցակներին: Հիմնական խնդիրը ընտրողների ցուցակներն են, քանի որ կեղծիքները դրանցով են կատարվում»:
Մեր այն դիտարկմանը, թե ընտրատարածքի նախագահը պնդում է, որ եթե դիտորդներին թույլ տան ընտրողների ցուցակներից նշումներ կատարել, այդպիսով կխախտեն ընտրողների ընտրության գաղտնիության իրավունքը, Լուսինե Հակոբյանը պատասխանեց. «Դա անձնական տվյալների գաղտնիության հարց չէ, այլ քվեարկության գաղտնիության, բայց այս պարագայում օրենքը հստակ սահմանում է, որ դիտորդն ունի նման իրավունք, ընտրողը չունի, ստորագրած ցուցակներին ծանոթանալու իրավունք: Բայց դիտորդների համար գործում է հատուկ կարգ, որը նշում է, որ դիտորդն իրավունք ունի ծանոթանալու բոլոր փաստաթղթերին և նշում բացառությունները, որն է պատճեն ու քաղվածքը ստանալ ստորագրած ցուցակներից: Բայց սեփական գրիչով նշումներ կատարելն իր մոտ ունեցած թղթում ոչ պատճեն է, ոչ քաղվածք: Եթե հանձնաժողովի նախագահը վերցնում ու նշումների թուղթը ոչնչացնում է, դրանով կատարում է հանցագործություն, որը պատժելի է քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ