Գյումրիում, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցնում են բավական պասիվ մթնոլորտում. նկատելի է քաղաքացիների անտարբերությունը: Այս պատկերն է մեր այցելած մի քանի ընտրատեղամասերում, օրինակ՝ Շիրակի մարզպետարանի դիմաց գտնվող 35/27 ընտրատեղամասում, որտեղ քիչ առաջ իր «այո»-ն քվեարկեց Շիրակի մարզպետը, թիվ 11 դպրոցում տեղակայված 34/04 ընտրատեղամասում:
Բացառություն էր կազմում այս դպրոցի դիմացի գտնվող «Հուսո Առագաստ» մանկապարտեզում տեղակայված 34/01 ընտրատեղամասը, այստեղ ժամը 12.30-ից 13.00-ի դրությամբ իրարանցում էր, կուտակումներ, մարդկանց, հատկապես երիտասարդ տղաների հոսքը չէր դադարում:
Կարդացեք նաև
Անգամ վիճաբանություն սկսվեց դիտորդի ու հանձնաժողովի նախագահ Գրիշա Համբարյանի միջեւ. դիտորդը պահանջում էր դուրս բերել ընտրողների կեսին, քանի որ 15 հոգուց ավել իրավունք չունեն ներսում գտնվելու, իսկ նախագահը հակաճառում էր, մատով հաշվում կանգնածներին ու բացականչում. «Հո դրսում չե՞ն մնալու, կմրսեն մարդիկ»:
Դրսում ականատես եղանք, որ մարդկանց ընտրատեղամաս են բերում միկրոավտոբուսները, դրանից մեկի վարորդը տեսնելով մեր ձեռքի տեսախցիկը, անմիջապես քշեց մեքենան, բառի իսկական իմաստով՝ փախավ: Այդուհանդերձ, թաղի ապրողներից ոմանք եւս փաստեցին, որ այս երկու ընտրատեղամասերում՝ թիվ 11 դպրոցում ու «Հուսո Առագաստ» մանկապարտեզում միկրոավտոբուսները տեղափոխում ու «համբերատար» սպասում են իրենց ուղեւորներին մինչ քվեարկության ավարտը:
Հարցին ինչո՞ւ է այս ընտրատեղամասում այսպես ակտիվ, երբ քաղաքի մյուս մասերում անտարբերություն է, նախագահ Գրիշա Համբարյանը պատասխանեց. «Լավ չէ՞, հենց նոր սկսվեց ակտիվությունը»:
Հետաքրքիր այն է, որ այս ընտրատեղամասում հանրաքվեն անցնում էր հյուրասիրությամբ, հանձնաժողովի երկու անդամներ սեղանին խմորեղենը դրած՝ մարդկանց փաստաթղթերն էին ստուգում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ