Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 8/18 տեղամասում երկու ԲՀԿ-ական վստահված անձ է գործունեություն իրականացնում: Հարցն այն է, որ հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահը, պարզվում է, չի ճանաչում իր համակուսակից վստահված անձանց:
Քիչ առաջ տեղամասում ընտրող ներկայացած ԲՀԿ-ականը այժմ ցուցումներ է տալիս տեղամասում եւ կրծքին փակցրել է ԲՀԿ-ի վստահված անձի վկայական:
Ի դեպ, ԲՀԿ-ական նախագահը քիչ առաջ փաստել էր, որ նշված անձը ոչ թե ԲՀԿ-ական է, այլ ընտրող: Այստեղ անվերահսկելի մթնոլորտ է, որովհետեւ պարբերաբար քաղաքացիներ են հայտնվում եւ ներկայանում ԲՀԿ-ական:
ՀԱԿ երկու ներկայացուցիչ կա, բայց նրանք կարծես թե այդ իրարանցումը չեն նկատում:
Կարդացեք նաև
Քիչ առաջ էլ ԲՀԿ-ական ներկայացած եւ տեղամասից փախած երիտասարդը, որը հանձնաժողովի նախագահին ցույց էր տվել ԲՀԿ-ի վստահված անձի վկայականը, կրկին վերադարձավ տեղամաս:
Ընտրող ներկայացած՝ այժմ ԲՀԿ-ի վստահված անձի լիազորությունները կատարող տղամարդն էլ ասաց, որ նրան չի ճանաչում եւ միգուցե նա կեղծ վկայական է ներկայացրել: Մեր հարցին՝ այստեղ ով ինչ ուզում է կարող է անե՞լ, նա ասաց, որ չի կարող պատասխանել:
Այս տեղամասում պարբերաբար կուտակումներ են լինում եւ ընտրողներին հանձնաժողովականները չեն սպասարկում, որովհետեւ պարբերաբար գնում են հաց ուտելու:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ