Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են «Այո»-ն շատ լինի, ախպերս». մարդիկ պարզում են, որ իրենց փոխարեն արդեն քվեարկել են

Դեկտեմբեր 06,2015 14:19

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցող մարդիկ այցելելով ընտրատեղամաս՝ պարզում են, որ իրենց փոխարեն արդեն ինչ-որ մեկը ընտրություն կատարել է: Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամ Զոյա Թադեւոսյանն Aravot.am-ին ասաց. «Արաբկիրի 4/28 տեղամասում Ղուկասյան Աշոտ անուն ազգանունով ընտրողը, երբ գնացել էր քվեարկության, պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են, կազմվել է արձանագրություն: Հանձնաժողովի անդամն այս առնչությամբ ասել է՝ ուզում են «Այո»-ն շատ լինի, ախպերս: 3/21 ընտրատեղամասում, Ռուբինյանց 2/1 բնակարան 10 հասցեի բնակիչ Ոսկանյան Ծովակը եւս պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են: Մենք վստահ ենք, որ նման դեպքեր շատ են լինելու, սա մասսայական բնույթ է կրում: Բացի այս, պարսկական դեսպանատան մոտ ընտրատեղամաս կա, թիվ 8 եւ թիվ 21 համարների գազելները մարդիկ են բերում ընտրատեղամասեր»:

Աջափնյակի 9/33 եւ 9/32 ընտրատեղամասի մոտ խմբված անձինք, ինչպես արձանագրել է Hetq.am-ը ինչ-որ թղթեր եւ ստորագրություններով ցուցակներ էին պրպտում: Տիկին Թադեւոսյանն այս առնչությամբ նկատեց, որ դեռ 10 օր առաջ «Այո»-ի կողմնակիցները շենքերով ու բնակարաններով ընկած հարցուփորձ էին անում՝ մասնակցելո՞ւ եք հանրաքվեին, թե՝ ոչ. «Այդպես պարզում էին, թե ովքեր են բացակայում հանրապետությունից, որպեսզի նրանց փոխարեն քվեարկություն ապահովեն: Մեկի դուռը թակում էին, հարեւանը դուռը բացում է, ասում՝ ինչո՞ւ եք թակում, իրենք Ամերիկայում են, այդ բացակայող մարդկանց տեղը ուրիշներին էին գրանցում, որպեսզի նրանց փոխարեն քվեարկության հնարավորություն ապահովեն: Սա քրեական հանցագործություն է, եւ փաստորեն, այդ ստոր կամավորները համաձայնվել են գազելներով շրջել ու ուրիշի փոխարեն քվեարկել: Պետք է հանձնաժողովի անդամներն ուշադիր լինեն, անպայման անձնագրերը ստուգել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031