Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 8/17 տեղամասում ՀԱԿ վստահված անձ Գայանե Աշուղյանն Aravot.am-ին պատմեց, որ տեղամասում կուտակումներ են առաջացնում «թաղի տղաները»: Նրանք ընտրատեղամասում իրենց վերահսկողությունն են սահմանել:
Նա այլ խախտումներ էլ է արձանագրելու մատյաններում. «Գալիս են առանց անձնագրի կամ այլ վարչական շրջանի գրանցումով ու փորձում քվեարկել: Հանձնաժողովի անդամները գրանցում են, երբ ես նկատում եմ, ասում են՝ վայ սխալվել ենք»,- պատմեց ՀԱԿ-ի վստահված անձը:
Այս տեղամասում, մինչեւ մենք աղմուկ չբարձրացրինք՝ հավաքված ու առանց վկայականների տղամարդիկ չհեռացան: Նրանք տեղամասում պարբերաբար հեռախոսազանգերի էին պատասխանում: Ի դեպ, նրանք մեկ ընտրող են ներկայանում, մեկ ԲՀԿ վստահված անձինք: ԲՀԿ-ի վստահված անձ ներկայացած երիտասարդին չճանաչեց ԲՀԿ-ական հանձնաժողովի նախագահը: Երբ նրանից հետաքրքրվեցինք՝ ով է այստեղ կանգնած երիտասարդը, հանձնաժողովի նախագահը չկողմոնորոշվեց, թե ինչ պատասխանի: Երիտասարդի ինքնությունը պարզվեց, երբ նշված երիտասարդը նախագահին հանձնեց դրսից բերված ինչ-որ թուղթ՝ ԲՀԿ-ական վստահված անձի վկայական: Նա ցույց տվեց իր վկայականն ու փախավ տեղամասից:
Ի դեպ, տարածքից չհեռացող մի հաստափոր տղամարդ էլ, որը ներկայացավ ընտրող, տեղամասում հանձնաժողովականների համար նախատեսված հացն էր ուտում:
8/17 տեղամասում էլ հանձնաժողովի ՕԵԿ-ական նախագահ Արայիկ Գեւորգյանն ասաց, որ խաղաղ մթնոլորտում են ընտրություններն անցնում: Ի դեպ, այս տեղամասում ոչ «Ժառանգությունից», ոչ էլ «ՀԱԿ-ից» ներկայացուցիչներ չկան: Հանձնաժողովի նախագահի խոսքով, «Ժառանգության» ներկայացուցիչը չի ներկայացել:
Մանրամասներն՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ