Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի` հանրաքվեին մասնակցել-չմասնակցելու մասին. «Ես չեմ հասկանում, դա խնամիների հետ ի՞նչ կապ ունի» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 06,2015 13:42

Aravot.am-ն այսօր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին քվեարկելու եկած վարչապետ, Հանրապետական կուսակցության «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին հարցրեց` ընդդիմությունն ասում է` եթե Սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան, երկիրը ցնցումների կենթարկվի, իշխանությունն էլ պնդում է, որ եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա այդ դեպքում էլ երկիրը ցնցումների կենթարկվի, այսինքն`երկու դեպքում էլ վա՞տ է լինելու:

«Ես կարծում եմ ընդդիմությունը ճիշտ չի վարվում, եթե այդպիսի հայտարարություն է անում, որովհետեւ ինքը եւ իշխանությունը չեն որոշում հանրաքվեն կընդունվի` թե ոչ, որոշում է հասարակությունը: Ես կոչ եմ անում բոլորին հանդուրժողականություն եւ տալ հնարավորություն, որ ժողովուրդը որոշի` այո, թե` ոչ»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը ժամը 12-ին քվեարկեց 10/8 ընտրատեղամասում, որը տեղակայված էր նախկին ճոպանուղու հարեւանությամբ` Մաշտոցի համալսարանում:

Վկայակոչելով մամուլի հրապարակումները, թե Գագիկ Ծառուկյանը երկրից գնացել է, որ հանրաքվեին չմասնակցի, վարչապետից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի խնամի Գագիկ Ծառուկյանի պահվածքը, ինչին ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ես չեմ հասկանում, դա խնամիների հետ ի՞նչ կապ ունի` ով ուր է գնում, ինչ է անում, ես կարծում եմ ձեր հարցը շատ անիմաստ է»:

Հարցին, թե հանուն ինչի քվեարկեցիք, պարոն Աբրահամյանն ասաց` հանուն ապագայի. «Առաջին խնդիրը, որ կառավարությունն իր առջեւ տեսնում է, որ պետք է ուժերը համատեղի, գնա առաջ, դա տնտեսության զարգացումն է եւ ես ամեն ինչ անելու եմ մեր թիմով՝ մեր կառավարության հետ միասին, որպեսզի իրոք տնտեսությունը զարգացնենք, որից որ կածանցվի մեր ժողովրդի լավ ապրելակերպը»:

Այն հարցին էլ, թե, եթե հանրաքվեն ձախողվի խնդի՞ր է, վարչապետն ասաց` ոչ եւ որ իշխանության համար ընդունելի կլինի յուրաքանչյուր տարբերակ. «Մի քանի ժամ մնաց, սպասենք, տեսնենք ինչ կլինի, մենք մեր խնդիրը համարել ենք ավարտված, երբ հանրությանը ներկայացրել ենք, բացատրել ենք, որ նման հանրաքվե ենք ուզում իրականացնել, որ նման փոփոխություններ, իսկ որոշումն իրենցն է, երեկոյան հայտնի կլինի»:

Վարչապետից նաեւ հետաքրքրվեցին, թե չի՞ բացառում, որ հանրաքվեն տեղի ունենա եւ Հովիկ Աբրահամյանը չլինի վարչապետ, քանի որ նոր անուն է շրջանառվում, մասնավորապես` ՀՀ նախագահի, պարոն Աբրահամյանն ասաց. «Այսօր ես եմ վարչապետ, եւ հույս ունեմ որ ապագայում էլ կլինեմ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031