Լրահոս
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «Օրինականացված ընտրախախտումներ են լինում»

Դեկտեմբեր 06,2015 13:09

5/37 տեղամասում գրանցվել են խախտումներ՝ բաց քվեարկություն եւ քվեարկություն ուրիշի փոխարեն: Այս մասին Aravot.am-ին ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը:

Տիկին Թադեւոսյանի խոսքերով, ընդհանուր առմամբ, տեղի են ունենում այնպիսի խախտումներ, որոնք նախկին ընտրությունների ժամանակ էլ են եղել:

Aravot.am-ի այն դիտարկմանն ի պատասխան, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, որ որեւէ լուրջ խախտումներ ժամը 11.30-ի դրությամբ չեն եղել, Թադեւոսյանն ասաց. «Իրենց համար կարեւորը դա չտեսնելն է, մեր գործն էլ խախտումները տեսնելն է եւ արձանագրելը: Կարծիքները տրամագծորեն հակառակը պետք է լինեն: Մենք նկատում ենք, որ մարդկանց գազելներով բերում են ընտրատեղամասեր, կուտակումներ են առաջանում, ավտոբուսներով են մարդկանց բերում ընտրատեղամասեր: Սա նշանակում է, որ մարդկանց բերում են տեղամասեր, որպեսզի լրացուցիչ ցուցակներով քվեարկեն: Արձանագրվել է, որ ուրիշ վայրերում գրանցում ունեցողներին բերում են մեկ այլ տեղամաս, որպեսզի այդտեղ լրացուցիչ ցուցակներով քվեարկեն: Սա ինչպե՞ս պետք է արձանագրենք որպես խախտում՝ անհասկանալի է, մեխանիզմ չկա դա անելու: Իրենք ստեղծել են այդ լրացուցիչ ցուցակները՝ օրինական քվեարկության հիմքերի համար, սա դժվար է գրանցել խախտում: Այս տեսանկյունից, ճիշտ են, որ խախտումներ չկան, բայց իրականում՝ կան, դրանք օրինականացված ընտրախախտումներ են»:

Տիկին Թադեւոսյանն ասաց, որ հանրաքվեի մասնակցության շատ մեծ ակտիվություն չի նկատվում, «Ոչ»-ի կողմնակիցները, տարօրինակ կերպով, էլի թուլանում են, տանից դուրս չեն գալիս, ինչը վատ երեւույթ է. «Նրանք ընտրել են մի կարգախոս՝ միեւնույն է, ինչ էլ անենք, մեր ձայնը տեղ չի հասնի: Սա սխալ վարքագիծ է, ամեն մարդ պետք է իր պարտքը կատարի, տեղ կհասնի, չի հասնի, դա չի նշանակում, որ դու եթե պայքարում ես՝ արդյունքի չես հասնում, պայքարը դրանով պետք է ավարտվի, սա հավերժական գործընթաց է, առանց պայքար առաջընթաց չկա: Կոչ եմ անում մարդիկ դուրս գան տանից ու գնան քվեարկեն: Ի վերջո` այդպես «Ոչ»-ը շատ կլինի: Մասնակցության ցածր տոկոսը նշանակում է, որ «Այո»-ն էլ է վտանգված»:

Այսօր դեկտեմբերի 6-ին Հայաստանի հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է ընթանում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031