ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը թոռնիկի հետ միասին դեկտեմբերի 6-ին մասնակցեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությանը: Նա քվեարկեց Երեւանի Պ. Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոցում տեղակայված 6/1 ընտրատեղամասում: Ասաց, որ քվեարկել է հանուն իր սկզբունքների, հանուն պետության ամրապնդման:
Aravot.am-ի հարցին՝ հիմա ի՞նչ, դեկտեմբերի 7-ին նո՞ր Հայաստանում ենք արթնանալու, այդ բարեփոխումները ե՞րբ ենք զգալու մեր մաշկի վրա, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես ռոմանտիկ չեմ, Սահմանադրություններն ընդամենը հնարավորություններ են տալիս, իսկ աշխատանքներն իրագործվում են ժողովրդի հետ համատեղ»:
Երբ ԱԺ նախագահը նշեց, որ իր թոռնիկ Գալուստ Սահակյանը ապրելու է իր երազած Հայաստանում, լրագրողներից մեկը նկատեց, որ նրա իշխանության օրոք աղքատությունը Հայաստանում ավելի է խորացել: «Ես կարծում եմ՝ այդպես չէ, ուղղակի մարդիկ կան՝ սեւ ակնոցներ են հագնում, մարդիկ էլ կան՝ գունավոր, իսկ իմ աչքերը շատ վճիտ են»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը:
Կարդացեք նաև
Մեր հաջորդ հարցին՝ որո՞նք են իր կարծիքով այսօրվա Հայաստանի ամենամեծ պլյուսները, ԱԺ նախագահը պատասխանեց. « Կա խոսքի ազատություն, եթե տարիների հարաբերակցությամբ նայենք, անցյալ տարիներին ունեցել ենք շատ խութեր, որոնք արդեն լուծումներ են գտել»:
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան նաեւ նշեց. «Եթե Այո-Ոչ-ը չանցնի, դուք պետք է տխրեք, ես նորից հնարավորություն կունենամ, որպեսզի Հայաստանում այո-ն լինի, իսկ դա մաքառումների նոր ճանապարհ կլինի, հետո դուք փոշմանած կասեք, որ ինչ լավ է, որ Ոչ-ը անցավ, կամ ինչ լավ է, որ Այո-ն անցավ»
Լրագրողներից մեկը փաստեց, որ անսովոր ակտիվություն է ընտրողների մոտ, տեղեկություններ կան, որ իշխանությունները շենքերով են աշխատել, տեղափոխում են մարդկանց ընտրական տեղամասեր: Ի պատասխան ԱԺ նախագահն ասաց. «Իշխանությունները գրաստներ չեն, որ ժողովրդին տեղափոխեն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ