Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդ. «Լրացուցիչ ցուցակներով գալիս են կնանիք երկրի չորս կողմերից, բոլորը տեղեկանքներով ու կոմպակտ»

Դեկտեմբեր 06,2015 11:30

Սահմանադրական հանրաքվեի մեկնարկից ժամեր անց դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն արդեն արձանագրել են բազմաթիվ խախտումներ:

Aravot.am_ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ահազանգեց, որ իրենց դիտորդները վաղ առավոտյան արդեն արձանագրել են մի շարք խախտումներ, որոնք րոպե առ րոպե տեղադրվում են Asparez.am կայքում:

Արդեն որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են դեպքեր, երբ ընտրողների համար նախատեսված ցուցակը նախապես լրացված է: Օրինակ՝ 9/27 տեղամասում ընտրողների համար նախատեսված ցուցակը, որտեղ ստորագրում են քվեաթերթիկը ստանալուց առաջ, արդեն էջեր կան, որ լցված էին ժամը 09.00-ի դրությամբ։ Պարոն Բարսեղյանը մանրամասնեց. «Լրագրողի հարցին, թե էդքան ընտրող չկա դեռ, չեն պատասխանում, իսկ թե ինչու չկա դրանց առջեւ հանձնաժողովի անդամի ստորագրությունը, կինն ասում է` մոռացել եմ ու ազատ ժամանակ ստորագրում է նրանց փոխարեն»:

Արաբկիրի թիվ 4/13 ընտրատեղամասի դիտորդ Կարեն Թովմասյանն ահազանգում է, որ «Լրացուցիչ ցուցակներով գալիս են կնանիք երկրի չորս կողմերից, բոլորը տեղեկանքներով ու կոմպակտ, ոնց էլ իրար գտել են…… 200 հոգի տենց ունեմ»:

Միջադեպ է տեղի ունեցել նաև թիվ 30 ընտրատարածքում: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը այցելել է 30/28 եւ 30/05 տեղամասեր եւ ահաբեկել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին, այն բանից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ են արել ընտրողների գրանցամատյանից: Սպառնացել է, որ նրան կձերբակալեն, ինչի հետո ստիպել է պատռել գրառումները:

9/11 տեղամասում արգելել են լրագրողներին ներկա լինել, և միայն վեճերից հետո հանձնաժողովի նախագահը ստիպված թույլ է տվել լրագրողներին ներս մտնել: Սակայն 40 րոպեից ավելի նրանց իրավունքը սահմանափակված է եղել: Լևոն Բարսեղյանը սա համարում է «ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն՝ «լրագրողի օրինական պարտականությունների կատարման խոչընդոտումը»:  Նշենք, որ այդ տեղամասում նախատեսվում է, որ քվեարկելու է Սերժ Սարգսյանը: Նշված տեղամասի հանձնաժողովի նախագահն է ՀՀԿ-ական Կարինե Նալբանդյանը:

10/09 տեղամասից, որը գտնվում է Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ահազանգ է ստացվել, որ ինչ-որ մեկը ՀՀԿ անդամության վկայականով ընտրողներ է տարել բերել տեղամաս` քվեարկելու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդին խոչընդոտել են լուսանկարել:

Պարոն Բարսեղյանը, ամփոփելով այս պահի դրությամբ իրենց դիտորդների ահազանգերի ընդհանուր պատկերը, նշեց. «Տեղամասերում հանձնաժողովների անդամները խոչընդոտում են դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը՝ արգելելով ազատ տեղաշարժվել տեղամասի տարածքում, դիտել քվեարկողների փաստաթղթերը, եւ քվեաթերթիկ ստանալու համար նախատեսված մատյանները, համոզվել ու հավաստիանալ, որ մարդը ստանում է իր հասանելիք քվեաթերթիկը: Մի քանի տեղամասերում պատճառաբանելով «Ասպարեզ» օրաթերթի եւ www.asparez.am կայքի խմբագրի տված վկայականների վրայի կնիքի որակը՝ փորձել են դուրս հանել ԶԼՄ ներկայացուցիչներին տեղամասերից, չնայած վկայականները կնքված են երկու կողմից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031