3/23 ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը «Ժառանգության» վստահված անձի վկայականով է աշխատում: Այս մասին Aravot.am-ին ահազանգեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Ըստ նրա, հանրապետական, բայց «Ժառանգության» ներկայացուցիչ ներկայացող վստահված անձը պնդում է, որ իր վկայականը վերցրել է ՀՀԿ շտաբից. «Հիմա «Ժառանգությունն» այդ հարցով զբաղվում է»:
Դանիել Իոաննիսյանը մեր զրույցում նաեւ պատմեց, որ մի շարք այլ տեղամասերում նույն խնդիրն է, հանրապետականների վստահված անձինք շրջում են «Ժառանգության» վկայականներով. «Իմ աչքի առջեւ դա նույնիսկ խոչընդոտ առաջացրեց «Ժառանգության» վստահված անձին տեղամաս մտնելու համար, որովհետեւ « Ժառանգության» վստահված անձին ասացին, որ «Ժառանգության» մեկ վստահված անձ արդեն կա ներսում, երկրորդը չի կարող ներս մտնել: Կեղծ վկայականներ են տպվել հանրապետականում: Համարյա ամենուրեք Հանրապետականի վստահված անձինք վկայականները չեն կրում, ինչքան տեղամաս, որ պտտվել ենք, դա ենք արձանագրել: Եղել են տեղամասեր, որտեղ հանրապետականների երկու վստահված անձինք են եղել, օրինակ 13/9 տեղամասում եւ պահանջեցի, որ վստահված անձանցից մեկին հանեն տեղամասից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ