Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը քիչ առաջ ներկայացրեց մինչ քվեարկության օրը հանրաքվեի հանձնաժողովում ստացած դիմումները, բողոքները:
Նա նշեց, որ հանրաքվեի նշանակման օրվանից՝ հոկտեմբերի 10-ից մինչեւ քվեարկության նախորդ օրը՝ դեկտեմբերի 5-ը, Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը 22 դիմում է ստացել: Նունե Հովհաննիսյանն ասաց, որ դիմումներից հինգի վերաբերյալ հանձնաժողովը կատարել է համապատասխան որոշումներ՝ այդ դիմումներից երկուսը վերաբերվել են տեղամասային հանձնաժողովների անդամների որակավորման վկայականների ժամկետների երկարաձգման խնդրին, ինչը բավարարվել է, իսկ մյուս երեք դիմումները մերժվել է: Նշենք, որ դրանք եղել են Պարույր Հայրիկյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության եւ Արշակ Մուսախանյանի դիմումները: Հանձնաժողովը ստացել է ինը տեղեկատվության հարցումներ:
Նունե Հովհաննիսյանն ասաց, որ 22 դիմումից 10-ը հարցումներ էին, որոնք օրենքով սահմանված ժամկետներում պատասխան են ստացել:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը 7 քաղաքացիներից դիմում է ստացել, որոնք խնդրել են իրենց տվյալները հանել հանրաքվեին մասնակցելու հնարավորություն ունեցող քաղաքացիների ցուցակներից: Նունե Հովհաննիսյանը հայտնեց, որ այդ դիմումները վերահասցեագրվել են ռեգիստրը վարող լիազոր մարմնին:
Կարդացեք նաև
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նունե Հովհաննիսյանը ասաց, որ դեռ գրավոր բողոք չեն ստացել, իսկ մանրամասները կներկայացնի ավելի ուշ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ