Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Ազատության հրապարակ էինք հասել այդ սոված բոմժի հասցեն տալու». Գյումրու ԵԿՄ կառույցի ղեկավար

Դեկտեմբեր 06,2015 00:38

Այսօր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի լռության երթից առաջ ԵԿՄ-ականների մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը  հաղորդագրություն էր տարածել , համաձայն որի ժամը 16-ի սահմաններում «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի և Էջմիածնի կառույցների 12-15 անդամներից բաղկացած մի խումբ՝ Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի գլխավորությամբ հարձակվել է Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա նստացույցին մասնակցող «Նոր Հայաստան» ճակատի աջակիցների և այնտեղ ներկա քաղաքացիների վրա՝ ակնհայտորեն փորձելով սադրել զանգվածային բախում: Մասնավորապես՝ հարձակվողներից մեկը մոտեցել է նստացույցի մասնակից, ազատամարտիկ Յուրա Աթոյանին և, իր ընկերներին հարց ուղղելով, թե սա էն օրվա թուրքը չէր, թքել է Յուրա Աթոյանի երեսին, իսկ նրա կողքին կանգնած մեկ ուրիշը ոտքով հարվածել է Յուրա Աթոյանի կրծքավանդակին»:

Aravot.am-ը «Երկրապահ կամավորականների միության» Գյումրիի կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը նման սադրանքեր հրահրելու: Վերջինս ասաց, որ իրենց զայրացրել է Յուրա Աթոյանի՝ armlur.am-ին տված հարցազրույցը, որով նա անհարգալից արտահայտություններ է թույլ տվել գեներալ Մանվել Գրիգորյանի, նախագահ Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին: Գեներալ Մանվելին անվանել է «օչխար, հաստավիզ, խոզ»: «Մենք Ազատության հրապարակ չէինք գնացել սադրանքներ հրահրելու, կռիվ անելու, էն էլ որտեղ Ազատության հրապարակո՞ւմ, ուր հարյուրավոր մարդիկ կային ու լիքը ոստիկաններ…Ուղղակի գնացինք իրեն տեսնելու ու իր հասցեն ներկաների մոտ բարձրաձայնելու, ասելու, որ սոված բոմժի մեկն է, կողքբոլորի մարդկանց խաբում է, ազատամարտիկ չի եղել: Ուզում էինք հայտարարել, որ ոչ միայն ազատամարտիկ անվան հետ բացարձակ կապ չունի: Երբ մոտեցանք իրեն տղեքի՝ մի տաս հոգու հետ, ոչ ավել, նա սկսեց պրովոկացիա անել, մի աղմուկ բարձրացնել, թե տեսեք եկել են գլխիս սարքելու, հավաքվեցին կողքբոլորը սաղ, տղեքից մեկը այդ խոսքի վրա թքեց վրեն: Ինքը ո՞վ է, որ գեներալի հասցեին բարբաջանքներ հնչեցնի, Արցախի հերոսի, 50 հազարանոց հոգանոց երկրապահական ընտանիքի ղեկավար մարդու, ո՞նց կարող է բան ասել կամ առհասարակ ազատամարտիկի անունից հանդես գալ: Ու միշտ շեշտվում է, թե Գյումրու ազատամարտիկ է…Ժիրայր Սեֆիլյանին էլ Ժիրայր Զելֆիմյան է անվանում, ասում է 1989 թվից իմ հրամանատար է եղել, այնինչ էդ մարդը 92 թվականից է էստեղ եղել», վրդովված ասաց Յուրա Ալեքսանյանը:

Իսկ ինչո՞ւ էիք նկարահանում այս բոլորը, ո՞ւմ եք ցույց տալու, ինչ-որ մեկին ապացուցելու բան ունե՞ք, հարցրեցինք մենք՝ մեջբերելով «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»- հաղորդագրությունը, որտեղ նշվում է. «Հատկանշական է, որ հարձակվող և սադրող խմբի պարագլուխ Յուրա Ալեքսանյանը նկարահանել է իրենց կատարած հարձակումն ու սադրիչ գործողությունը, ինչը տպավորություն է ստեղծում, որ նա պետք է հետագայում տեսանյութի ձևով հաշվետվություն ներկայացներ իր խմբի կատարած «աշխատանքի» վերաբերյալ»:

Յուրա Ալեքսանյանն ասաց. «Ի՞նչ են խոսում, հակառակ իրենք են նկարահանել, գիտեք քանի նկարահանողներ կային: Նորից եմ կրկնում, եթե մենք կռիվ անող լինեինք, ուրիշ մի վայրում կկռվեինք, կռվի համար չէինք գնացել, ուղղակի ուզում էինք հասցեն հնչեցնել: Ինքն էլ, պատկերացնելով՝ ինչ է կատարվելու, աղմուկ բարձրացրեց, պրովոկացիա արեց, որ մարդիկ չիմանան ինքն ով է»:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ Յուրա Աթոյանի հետ, որին, ըստ մամուլի հրապարակումների, հրավիրել էին ոստիկանության կենտրոնական բաժին՝ որպես տուժող, սակայն նրա հեռախոսն անհասանելի էր, «Հիմնադիր խորհրդարան»-ի Գյումրու պատասխանատու Արամ Հակոբյանն ասաց, որ նրա հեռախոսի մարտկոցը նստած է:

Նշենք, որ Aravot.am-ը լուսաբանել է այս միջադեպը ՝ պարզաբանումներ ստանալով նաեւ ազատամարտիկ Յուրա Աթոյանից: Թե ո՞րն է եղել միջադեպի պատճառը, պարոն Աթոյանը պարզաբանել էր. «Երկրապահի տղաները հարձակվել են՝ իմ երեկ չէ առաջի օրվա ելույթի համար. ես որ կպել եմ Մանվել Գրիգորյանին, նրանք ելույթս լսելով հանցավոր, խուժան խմբերով հարձակվել են իմ վրա ու հիմա տանում են Կենտրոն ոստիկանություն, որ իրենց եղբորն անպատվել եմ՝ ասելով, որ կռվող տղաներին հեռացրել է իրարից այդ հաստավիզը, այդ խոզը, դրա համար ինքը վատ է զգացել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031