Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկացված չլինելու վնասները

Դեկտեմբեր 06,2015 00:02
tuxt

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ      

Հանգամանքների բերումով անհրաժեշտություն էր առաջացել համապատասխան մարմնին ներկայացնելու մեր բնակարանի “Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման” վկայականի բնօրինակը: Սակայն, պահարանի այն դարակում, որտեղ միշտ հանգրվանում էր այդ փաստաթուղթը, միայն նրա երկու  պատճենները գտնվեցին: Տանը բոլոր կասկածելի թղթապանակները քրքրելուց և բնօրինակը չհայտնաբերելուց հետո ես, բնականաբար, որոշեցի դիմել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` նորը ստանալու ակնկալիքով:

Մեր տարածաշրջանի ոստիկանությունում ինձ ասացին, որ կադաստրի տարածաշրջանային բաժինը նախկինում գտնված վայրից տեղափոխվել է,  բայց թե ու՞ր, չգիտեին: Իսկ տարածաշրջանային անձնագրային բաժնի բարեհամբույր աշխատակցուհին էլ ասաց, որ այն տեղափոխել են Կոմիտաս փողոցի վրա գտնվող երեք բարձրահարկերից մեկը, բայց դրանցից որը, չգիտեր: Ես, իհարկե, ուզում էի հակառակվել նրան, թե ախր, այնտեղ չորս բարձրահարկեր են իրար կողք-կողքի, ոչ թե երեք, բայց այդպես էլ չառարկեցի, մտածելով, որ նրան կվշտացնեմ իր իմացած տեղեկատվության սխալ լինելու պատճառով:

Ինչևէ, մոտակա կանգառից նստեցի տրոլեյբուս, որ հիսուն դրամ շահեմ, մեկնեցի Կոմիտասի պողոտա և ուղևորվեցի դեպի իրար կողք-կողքի շարված չորս բարձրահարկ շենքերը: Տեղ հասնելով, հերթով մոտեցա նրանց, բայց ոչ մեկի նախամուտքի վրա չհայտնաբերեցի իմ փնտրած հիմնարկի անունը: Ստիպված, վերջին շենքի նախամուտքից դուրս եկող աղջիկներից հարցում արեցի այդ մասին: Նրանցից մեկը քաջատեղյակ լինելով իմ փնտրած հիմնարկի գտնվելու վայրին, բացատրեց, որ այն գտնվում է երկու կանգառ ներքև գտնվող բարձրահարկի առաջին հարկում:

Իսկ քանի որ ես այստեղ գալուց հիսուն դրամ էի շահել, չցանկացա այն կորցնել և որոշեցի ոտքով հատել իրական բարձրահարկ հասնելու այդ երկու կանգառ ճանապարհը:

Իմ դրամաշահության հետևանքով ես տեղ հասա այն պահին, երբ հիմնարկի դուռը փակվել և աշխատողները գնացել էին ընդմիջման: Բայց ինձ մխիթարեցի այն բանով, որ միևնույնն է, եթե տաքսիով էլ փորձեի գալ, մեկ է ուշանալու էի, որովհետև ուշացման ժամանակահատվածը կազմում էր ոչ ավել, ոչ պակաս` կես ժամ:

Եվ ահա, օրվա այդ շոգ ժամին, պետք է սպանեի կես ժամը, մինչև հիմնարկի աշխատակիցները վերադառնային իրենց պետականորեն սահմանված հասանելիք ընդմիջումից: Իսկ քանի որ ես արդեն հիսուն դրամ շահույթ էի ունեցել տրոլեյբուսով երթևեկելու հետևանքով, գումարած դրան ևս հիսուն կամ վատագույն դեպքում հարյուր դրամը, որը շահել էի  երկու կանգառ ոտքով քայլելով, ուստի որոշեցի այդ խնայած գումարը տեղին օգտագործել:

Անմիջապես իմ խնայած հարյուր կամ հարյուր հիսուն դրամի վրա ավելացրեցի ևս երկու հարյուր դրամ ինձ մոտ եղած չխնայված գումարից և մոտակա կրպակից գնեցի մեկ շիշ պեպսի-կոլա և փորձեցի իրականացնել բժիշկների հորդորները` ամռան տապին շատ հեղուկ օգտագործելու անհրաժեշտության մասին: Հենց մայթի վրա ճարեցի “Երևան” մակագրությամբ ազատ նստարան, իհարկե, որը սխալմամբ ծառի ստվերում  էին ամրացրել, քանի որ մեծ մասամբ, դրանք չգիտես ինչու, արևի ճառագայթներից չպաշտպանված տեղերում են հիմնականում դրված լինում: Վայելեցի պեպսի-կոլան կում-կում, ինչպես բժիշկներն են խորհուրդ տալիս, բայց արդեն ավելի ուշ իմացա, որ նույն բժիշկները գազավորված ըմպելիքները խորհուրդ չեն տալիս շոգ եղանակին օգտագործելու: Ինչ արած, արդեն սխալը թույլ էի տվել:

Մի կերպ այդ չարաբաստիկ կես ժամն սպանեցի և կրկին հայտնվեցի պետական կադաստրի շենքի մուտքի մոտ, բայց այն  ժամանակ, երբ այնտեղ արդեն հավաքվել էր մի հոծ բազմություն: Ես, իհարկե, մի պահ որոշակի սթրես ապրեցի, որ հիմա երկար հերթի եմ սպասելու:  Շուտով դռները բացվեցին, բայց դե մեր ժողովուրդն էլ գիտեք, հերթ-մերթ ասածը բանի տեղ չի դնում և հրմշտելով իրար` սկսեցին ներս  մտնել: Բա, ես էլ հո սպիտակ ագռավ չեմ, մի երկու հոգու էլ ես հրմշտեցի, ետևում թողնելով մի տարեց կնոջ ու մի պապիկի:

Սակայն ներսում հիասթափվեցի, քանի որ մտնողները գրեթե հերթ չկազմեցին, այլ բանիմացությամբ օգտվելով էլեկտրոնային սարքավորում-խցիկից` արագ ստացան իրենց հերթագրման կտրոնները, ապա սպասեցին առաստաղից կախված երկու էլեկտրոնային ցուցանակների վրա նշվող կտրոնների և խցիկի համարներին, որին պետք է մոտենան:

Ես, իհարկե, մոտենալով էլեկտրոնային ավտոմատ սարքին, արագ կողմնորոշվեցի և սեղմեցի “Խորհրդատվություն” գրությունով կոճակը և ստանալով համապատասխան հերթի համարի կտրոնը, սպասեցի, հետևելով լուսատախտակի ցուցմունքին: Շատ չանցած էլեկտրոնային ցուցանակի վրա հայտնվեցին իմ ձեռքում գտնվող կտրոնի և խցիկի բաղձալի համարները և ես մոտեցա համապատասխան խցիկին, սիրալիր բարևեցի և այնտեղ նստած գեղեցկուհուն հայտնեցի իմ այցելության պատճառը:

-Պետք է մոտենաք դրամարկղային սարքին, մուծեք յոթ հազար դրամ և ձեզ կասեն, թե հետո ինչ պետք է անեք,-ասաց սպասարկող աշխատակցուհին, որով էլ ավարտվեց նրա խորհրդատվական աշխատանքը ինձ հետ:

Ես, բնականաբար, մոտեցա էլեկտրոնային դրամարկղ-մեքենային, որի մոտ մի երիտասարդ աղջիկ էր իրականացնում սպասարկումը: Շուտով հերթը ինձ հասավ, բայց, ես ստիպված էի այստեղ էլ մի փոքր սթրես ապրել, քանի որ իմ տված տասն հազարանոց թղթադրամը նա չվերցրեց` պատճառաբանելով, որ մեքենան միայն յոթ հազար դրամ պետք է կուլ տար, գումարած դրան նաև լրացուցիչ երեք հարյուր դրամ ծառայողավարձը: Իմ բախտից նույն տարածքում գտնվող “Հայփոստի” կրպակի տիրուհին, որը խոժոռ դեմքով մի կին էր, մանրեց իմ տասն հազարանոցը միայն թղթադրամներով, բայց մետաղյա մանրադրամ չտվեց: Բարեբախտաբար, իմ  դրամապանակում գտնվեց մեկ հատ հինգ հարյուր մետաղադրամանոց և ես յոթ հազար հինգ հարյուր դրամը հանձնեցի այս մեքենայի տիրուհուն, իհարկե, առաջ անցնելով այնտեղ հերթի կանգնած ինչ -որ տղամարդուց, քանին որ ես հերթից էի դուրս եկել՝ մանրադրամ հայթայթելու առումով:

Տղամարդը, բարեբախտաբար, բարի գտնվեց, ընդունեց իմ հերթային իրավունքը, չվիճեց ինձ հետ, բայց մի տեսակ թթված, դժգոհ դեմք ընդունեց, իր տեղը ինձ զիջելով:

Դրամարկղը սպասարկող աշխատակցուհին նախ ինձանից պահանջեց սոցիալական քարտը, ապա անձնագիրը, տվյալները մուտք արեց դրամարկղ-մեքենայի մեջ, ապա նրան հրամցրեց նաև իմ յոթ հազար հինգ հարյուր դրամը, որից հետո դիմեց ինձ.

-Ասացեք որևէ բջջային հեռախոսի համար, որպեսզի այդ երկու հարյուր դրամը փոխանցեմ ձեր հաշվին, մեքենան մանրը հետ չի տալիս:

Ես սիրով արտաբերեցի իմ բջջայինի համարը, որից հետո գործարքը ավարտվեց և մեքենան դուրս մղեց երկու կտրոն` մեկը յոթ հազար երեք հարյուրի համար իսկ մյուսն էլ` երկու հարյուր դրամի համար: Բայց վերջինիս վրա գրված էր ոչ թե երկու հարյուր դրամ, այլ հարյուր յոթանասուն, քանի որ երեսուն դրամն էլ գանձվել էր որպես հեռախոսի լիցքավորման սպասարկման վարձ:

Բանը, իհարկե դրանով չվերջացավ, ես կրկին ստիպված էի մոտենալու հերթագրող սարքին ու այս անգամ պետք է սեղմեի  “Հանձնել փաստաթուղթ” գրությամբ կոճակը: Այդպես էլ արեցի: Ստացա նոր հերթի համարը և էլեկտրոնային ցուցատախտակի վրա նոր հերթի և խցիկի համարները գրվելուց հետո, ես մոտեցա մի այլ պատուհանի: Նորից սիրալիր բարևեցի պատուհանի այն կողմում նստած արդեն այլ մի աշխատակցուհու, նրան պարզելով դրամարկղային կտրոնը: Նա ժպտալով ընդունեց իմ ողջույնը, ապա պահանջեց անձնագիրս, պատճենող սարքի վրա ստացավ նրա պատճենը, հետո ինձ պարզեց արդեն տպագրված դիմումի ձևը` խնդրելով ստուգել այնտեղ մուտքագրված անձնագրային տվյալները և ճիշտ լինելու դեպքում` ստորագրել: Ես երկու անգամ աչքի անցկացրի դիմումի ձևը, սխալ չգտնելով այնտեղ, ստորագրեցի և հանձնեցի աշխատակցուհուն, որը ինձ ետ հանձնեց իմ անձնագիրը և մի ստացական, ասելով.

-Երեք աշխատանքային օրվա ընթացքում Ձեր դիմումին պատասխան կտրվի: Այդ մասին կարող եք իմանալ` զանգահարելով ստացականի վրա նշված հեռախոսահամարով կամ մուտք գործել նրանում նշված համացանցի  էլեկտրոնային կայքի հասցե:

Ես շնորհակալություն հայտնեցի երիտասարդ աշխատակցուհուն և ցտեսություն ասելով դուրս եկա պետական կադաստրի շենքի շքամուտքից: Երբ նայեցի ժամացույցին, նկատեցի, որ ընդամենը կես ժամ էր սլաքը առաջ շարժվել ու հաճելիորեն զարմացա սպասարկման բարձր մակարդակից: Այ, եթե էլեկտրոնային դրամարկղի մոտ դրամը մանրացնելու հնարավորություն էլ լիներ, ապա  կես ժամի փոխարեն ես կկորցնեի երևի տասնհինգ րոպե, մտածեցի ես:

Հարգելիներս, եթե ցանկանում եք պետական կադաստրում ավելի արագ ստանալ ձեր հարցերի պատասխանը, աղերսագին խնդրում եմ, այնտեղ մեկնելուց առաջ, անպայման իմացեք ընդմիջման ժամանակահատվածի մասին և ձեզ հետ ունեցեք համապատասխան մանրադրամ` սկսած երեք հարյուր դրամից և ավելի, եթե չեք ցանկանում որոշակի գումար և թանկարժեք ժամանակ իզուր տեղը կորցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031