Ժամանակն արագ է թռնում: Անբաժան ընկերները դառնում են թշնամի եւ հակակառակը: Էրդողանն ու Ասադը բարեկամություն-հարեւանություն էին անում ընտանիքներով, հիմա իրենց ղեկավարած երկրները եթե պատերազմի մեջ չեն, ապա շատ մոտ են դրան: Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները խիստ լարվել են, ինչի պատճառով որոշ միամիտ հայեր ոգեւորվեցին, բայց կասկած չունենաք՝ նրանք դարձյալ կեղբայրանան:
Ներքին կյանքում նույնն է: Այսօր թվում է, որ «այո»-ն եւ «ոչ»-ը չափազանց կարեւոր խնդիրներ են: Բայց այդպես թվալու է երկու կամ երեք շաբաթ, որից հետո այս օրերին ասված բոլոր սուր եւ տափակ արտահայտությունները կմոռացվեն, սակայն, իհարկե, կգտնվեն նոր առիթներ՝ նույն տիպի արտահայտություններ անելու համար, եւ դրանք նույնքան անցողիկ են լինելու:
Կան, իհարկե, ինչ-որ բաներ, որոնք անփոփոխ են, ինչպես, օրինակ, Աստծո պատվիրանները կամ Լեռան քարոզը: Բայց անփոփոխ են այդ բուն տեքստերը, իսկ դրանց մեկնաբանությունները փոխվում են դարից դար, երբեմն նաեւ՝ տասնամյակից տասնամյակ: Ճիշտ այնպես, ինչպես չեն փոխվում մեր պետության շահերը, բայց ամեն մի անհատ դրանք յուրովի է մեկնաբանում:
Դա ես մի քիչ նմանեցնում եմ դասական, մնայուն երաժշտական ստեղծագործությունների եւ դրանց մեկնաբանությունների խնդրին: Ժամանակն առաջինների դաշնակիցն է եւ երկրորդների թշնամին: Ամենափայլուն երաժիշտ-կատարողի մեկնաբանությունը ժամանակի հետ հնանում է: Օրինակ, այն, թե ինչպես էին, ենթադրենք, 20-րդ դարի սկզբին կատարում Բեթհովենի գործերը, հետաքրքիր է թերեւս միայն մասնագետներին՝ ժամանակն իր պահանջներն է դնում: Բայց հենց այդ փաստն է, որ ընդգծում է Բեթհովենի կամ նրա տրամաչափի հեղինակների տեքստերի «ոչ անցողիկ» բնույթը:
Կարդացեք նաև
Իհարկե, մենք՝ հասարակ մահկանացուներս, չենք կարող ստեղծել նման տեքստեր՝ այդ բառի ամենալայն իմաստով: Մեզ մնում է միայն ընդունել են փաստը, որ մեր գրած տեքստերն անցողիկ են եւ դրանց չափից դուրս լուրջ չվերաբերվել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ