Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերգեյ Սմբատյան. «Խաչատրյանի երաժշտությունն ազգային է եւ բացառիկ» (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2015 22:50

«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր տեղի ունեցավ մեծանուն կոմպոզիտորի անվան 3-րդ միջազգային փառատոնի փակման համերգը, որի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց «Խաչատրյանը և ջազը» բացառիկ նախագիծը։ ՀՊԵՆ-ը եւ Հայաստանի պետական ջազ նվագախումբն առաջին անգամ ջազային գործիքավորմամբ կատարեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։ Մշակումների հեղինակները հայ կոմպոզիտորներ են, ովքեր աշխատել են հնարավորինս «չշեղվել» բուն ստեղծագործություններից:

DCIM105MEDIA

«Շատ ջազմեններ են տրվում այդ գայթակղությանը, բայց դրանից դասական երաժշտությունը չի տուժում, որովհետեւ այդ գործերը լուրջ մեկնաբանություններ են: Խեղելու եւ խեղաթյուրելու նպատակ չկա, պարզապես այդ հանճարեղ ստեղծագործությունները դիտել ենք ջազմենների տեսանկյունից եւ ոճից»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Արմեն Հյուսնունցը:

Նրա դիտարկմամբ՝ Արամ Խաչատրյանի երաժշտության ջազային մեկնաբանությունը միշտ արդարացված է. «Պարզ է, որ շատ բան կախված է կատարողից եւ գործիքավորողից: Այսօր մեր ներկայացրած 11 ստեղծագործություններում ներգրավված էին երիտասարդ եւ տարեց կոմպոզիտորների գործիքավորումներ: Այդ բազմազանությունն էլ նախագիծը հետաքրքիր է դարձնում»:

DCIM105MEDIA

DCIM105MEDIA

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը Երևանում անցկացվեց  Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը, որն արդեն մեծ ճանաչում ունի արտերկրում: «Խաչատրյանի երաժշտությունը բացառիկ ազգային է: Խաչատրյանը հերոս է, որի երաժշտության ինքնատիպության համար նրան համարում ենք մեծ հայ եւ համամարդկային արժեք: Հպարտ եմ, որ երիտասարդական նվագախումբը կյանքի կոչեց նրա անվան փառատոնը: Պարզապես չէիք կարող չունենալ Խաչատրյանի անվան փառատոն»,-նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Նա մեջբերեց մեծանուն կոմպոզիտորի խոսքերից՝ «Ջազն այն երաժշտությունն է, որն ինձ ուրախություն է պարգեւում»: Սմբատյանի բնորոշմամբ՝ «Խաչատրյանը եւ ջազը» նախագիծը պետք է շարունակական լինի եւ ներկայացվի նաեւ արտերկրում:

DCIM105MEDIA

Հավելենք, որ այսօրվա համերգը նվիրված էր դաշնակահար Լևոն Մալխասյանի 70-ամյակին։ Երեկոյի ընթացքում դաշնակահարը եւս հանդես եկավ կատարումներով: Հնչեցին նաեւ հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետներից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031