Aravot.am-ը սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն հ/կ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե Գյումրու ծանր պայմանները, գործազրկությունը, անօթեւանությունը արդյոք պատճառ չե՞ն դառնում, որ աստիճանաբար կորցնենք գյումրեցու տեսակը: «Բարեբախտաբար գյումրեցու տեսակը չի կարող կորչել, որովհետեւ ինքը ծագումով քաղաք է, եւ դա երեւում է համաշխարհային արենաներում. ի ցույց է դրվում գյումրեցիների վաստակը: Պարզապես, ցավոք սրտի, Գյումրին կիսվել է երկու մասի, կարծես ապրում ենք երկու տարբեր իրականություններում: Գնալով փոքրանում է իրական Գյումրին, բայց կան նաեւ տնակային ավաններ, անօթեւան, ընչազուրկ մարդիկ, որոնք մեկուսանում են ամբողջ համայնքի կյանքից, եւ իրենք, կարծես առանձին համայնք են ստեղծում համայնքի ներսում: Եւ եթե նախկինում ամբողջ քաղաքում տնակները կամ անօթեւանությունը սովորական երեւույթ էր, որեւէ մեկը տարբերություն չէր դնում, հիմա արդեն մարդկանց լեքսիկոնում հայտնվում է դոմիկի ապրող, դոմիկի չգիտեմ ինչ ու այլ արտահայտություններ..Սա շատ ցավալի է: Այսինքն` կարծես թե երկու տարբեր իրականություններ են մի քաղաքում»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ