Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժից տուժածների բնակարանային ապահովման ծրագիրը կավարտվի մինչև 2017-ի վերջ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2015 18:33

«Մեդիա կենտրոն», Դեկտեմբերի 5, ԵրևանՀայաստանում 2008-ից գործում է 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման պետական աջակցության մեծածավալ ծրագիրը, որն իրականացնում է Քաղաքաշինության նախարարութունը:

Ծրագրի շրջանակում շահառու է ճանաչվել 5363 անօթևան ընտանիք, որից 4398-ն արդեն ստացել է բնակարան, իսկ 965 ընտանիքի նախատեսվում է հատկացնել բնակարան մինչև 2017-ի վերջը՝ ծրագրի ավարտը:

Երեկ «Մեդիա կենտրոնում» Պատերազմի և խաղաղության լուսաբանմանինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի  հետ համատեղ անցկացրեց քննարկում Գյումրիում և Սպիտակում 1988 թվականի երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացածների համար իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի մասին, որին մասնակցում էին  Քաղաքաշինության նախարարության բնակարանային քաղաքականության և կումունալ ենթակառուցվածքների վարչության պետԵվգենյա ԱթայանըՔաղաքաշինության նախարարության խորհրդատուԱլեքսանդր Մովսիսյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը,«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանը և«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի իրավաբան Արթուր Հարությունյանը:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը հատկապես աղետալի էր այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի հյուսիսային հատվածի համար: Երկրաշարժի զոհերի թիվն անցավ 25 հազարը, իսկ կես միլիոնից ավելի բնակիչներ անօթեւան մնացին:

Աղետի ավերիչ հետեւանքները հատկապես զգալի էին Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում ու Գյումրիում, որտեղ առնվազն 24 հազար տներ էին ավերվել: Հինգ հարկից բարձր բոլոր շենքերն ու գործարանները քարուքանդ էին եղել:

Երկրաշարժից 27 տարի անց, դեռ ոչ բոլոր անօթևաններն են ստացել բնակարան: Ինչպես ասում է Քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Եվգենյա Աթայանը մինչև 2017-ի վերջ բնակարանային ապահովում կստանան մնացած 965 անօթևան ընտանիքները: Դա ծածկում է Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերը, ինչպես նաև Գյումրի, Վանաձոր, Սպիտակ և Ախուրյան քաղաքները:

«Ըստ ծրագրի՝ առաջանհերթ նախատեսվում էր անդրադառնալ աղետի գոտու բնակավայրերում բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքներին: Վերջերս ընդունվել է Կառավարության որոշում, որով նախատեսվում է լուծել Վանաձորի 14 ընտանիքների խնդիրը, ինչպես նաև գյուղական բնակավայրերում դատական կարգով իրենց բնակարանային իրավունքը վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված ընտանիքների խնդիրները՝ ֆինանսական աջակցության միջոցով: Այդ ընտանիքներից յուրաքանչյուրին նախատեսվում է 3 միլիոն դրամ հատկացնել: Այդ ուղղությամբ բյուջեից 105 մլն դրամ գումար է հատկացվել և արդեն ուժի մեջ է մտել որոշումը»,-ասաց Աթայանը:

2014-ից սկիզբ է առել նաև Գյումրու բնակարանների գնման վկայագրերի երկրոդ փուլի ծրագիրը: Պետական բյուջեով Շիրակի մարզպետարանին հատկացվել է 1,5 մլրդ դրամ բնակարանների գնման վկայագրերի ծրագրի առաջին փուլի համար, և այդ ծրագրի շրջանակում 206 ընտանիքներ արդեն գնել են իրենց բնակարաններ:

«Այդ գումարից  այս տարի կսկսի Գյումրի  քաղաքի բնակարանների վկայագրերի տրամադրման երկրորդ փուլը: Իսկ Սպիտակում երկրաշարժի հետևանքով մեկ սենյակի շահառու ճանաչված 50 ընտանիք կա, Ախուրյան քաղաքում 137 ընտանիք: Ախուրյանում 33 ընտանիքի խնդիրները լուծվելու են բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, ֆինանսական աջակցության միջոցով, իսկ 104-ինը լուծվելու է արդեն իսկ շինարարության ընթացքում 3 բազմաբնակարան շենքերի հատկացմամբ»,-ընդգծեց Աթայանը:

Նա հավելեց, որ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզի գյուղական բնակավայրերում ընտանիքների բնակարանային հատկացման խնդիրները նույնպես լուծվելու են ֆինանսական աջակցության տրամադրմամբ, որը նախատեսվում է ավարտել 2016-2017 թթ-ին:

Քննարկմանը տեսազանգի միջոցով միացած Վահան Թումասյանն ասում է, որ  անօթևանության խնդիրը աղետի գոտում այլևս չի վերաբերում մի նախարարության կամ միայն թվերի լեզվով մեկնաբանելը տեղին չէ, որովհետ 27 տարի անց մարդիկ հայտնվել են ահավոր ծանր ծայրահեղ պայմաններում:

«Գինեսի ռեկորդների գրքում կարելի է գրանցել Հայաստանը որպես աղետի հետևանքների վերացման ամենաերկար, ամենաերկարատև ծրագիր: 27 տարի շարունակ նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքների վերացման համար չի պահանջվել այդքան ժամանակ: Ինձ ավելի շատ հետաքրքրում են մարդիկ, մոտ 2700 ընտանիք միայն Գյումրիում ապրում են դժոխքային պայմաններում, և խախտվում են նրանց տարրական իրավունքները: Նրանք ապրում են առանց կենցաղային պայմանների, առաց ջրի, առանց զուգարանի, քարուքանդ տնակներում, և դա ոչ միայն քաղաքաշինական խնդիր է և ոչ միայն բնակապահովման խնդիր է, դա այլևս մարդու իրավունքների խնդիր է, դա սոցիալական խնդիր է: Դրա համար անօթևանության խնդիրը Գյումրիում ոչ միայն քաղաքաշինության նախարարության ընդգրկմամբ պիտի լինի, այլ համայն հայության ջանքերի մեկտեղմամբ, բոլոր նախարարությունների մեկտեղմամբ»,-ասում է Թումասյանը:

Գյումրիում այս պահին տնակներում ապրում է մոտ 2700 ընտանիք, ծայրահեղ ծանր պայմաններում: Թումասյանը նշում է, որ 2700 ընտանիքից 1000 ընտանիքը դեռևս մնում է հաշվառված անօթևանների հերթացուցակում:

«Սեփական բնակարանները կորցրած, դրամական փոխհատուցմանը ենթակա կամ այս ծրագրից տարբեր պատճառներով չօգտված ընտանիքներ են նրանք: Եվ մոտ 300 ընտանիք, որոնք չեն հասցրել ժամանակին դիմել և անօթևանների հերթացուցակում հաշվառվել: 2008 թվականի նոյեմբերի 1-ի հերթացուցակից դուրս են մնացել, բայց երկրաշարժից բնակարաններ են կորցրել և չեն փոխհատուցվել: Հիմա խնդիրը մնում է, այդ 2700 ընտանիքի հետ մենք ի՞նչ ենք անելու»,-իր մտահգությունը հնչեցրեց Թումասյանը:

Ի պատասխան` Աթայանն ասաց, որ Գյումրիում գտնվող այդ 2700 ընտանիքները անօթևանի կարգավիճակում են հայտնվել ոչ երկրաշարժի հետևանքով, իսկ ծրագիրն ուղղված է երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած ընտանիքներին:

«Ինչ վերաբերում է, թե ինչպես ենք շահառու ճանաչել, ինչպես ոչ, նշեմ, որ ընդհանուր մոտ 7000 ընտանիք է հերթացուցակներում հաշվառված եղել, որի դիմաց շահառու են ճանաչվել 5363-ը: Մնացածի՝ շահառու չճանաչվելու պատճառները, եղել են տարբեր.  մոտ 33 տոկոսը սահմանված վերջնաժամկետում չեն ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Մի քանի ագամ ժամկետները երկարաձգվել են: Հաշվառված անձանց դեպքում որոշակի չափով փաստաթղթերը թարմացման կարիք ունեին, հաճախ վերաբերում էին անձնագրերի ժամկետներին և արդյունքում ծրագիրը չէր էլ կարող ընթանալ առաջ, որովհետև առանց փաստաթղթերի չէինք կարողանում բազմակողմանի ուսումնասիրել և որոշում կայացնել: Եվ կար ևս մեկ խնդիր, որ ընտանիքը ամբողջ կազմով բացակայում էր ՀՀ-ից և Կառավարության որոշմամբ այդ ընտանիքների բնակարանի հարցը հետաձգվեց ավելի ուշ ժամկետով, իրենք առաջնահերթ կարգով չեն դիտարկվել»,-պարզաբանեց Աթայանը:

Պարոն Թումասյանը հակադարձեց և նշեց, որ  Կառավարության մոտեցումները այս հարցում խիստ են և այսօր Գյումրիում կա 250 ընտանիք, որոնք սեփական տուն են կորցրել աղետի ժամանակ, սակայն շահառու չեն ճանաչվել: Թումասյանը առաջարկեց նոր հաշվառում անցկացնել:
Աթայանը պարզաբանեց, որ այս ծրագրով քաղաքներում լուծվում է բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրած ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը, իսկ  քաղաքներում սեփական տուն կորցրածներն այս ծրագրի շրջանակում չեն դիտարկվել:

Ծրագրում ներառվել են նաև գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով սեփական տուն կորցրած ընտանիքները:

Աթայանը հույս հայտնեց, որ միգուցե ծրագրի ավարտից հետո ուշադրություն դարձվի նաև քաղաքային բնակավայրերում սեփական տուն կորցրած ընտանքիների խնդրի լուծմանը:

Քննարկմանը տեսազնագի միջոցով միացած «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանն ասաց, որ  2010-ին իրենց կազմակերպություն են դիմել ավելի քան 250 ընտանիք, որոնց  86-ի գործը գրավոր ընթացք է ստացել, իսկ ներկայացված 27 դատական գործից 24-ը բավարարվել է:

«Փաստացի արդեն 10 ընտանիք ունենք, որոնց դատական գործերը շահել ենք»,-նշում է Բաբայանը:

Արթուր Հարությունյանն ասում է, որ իրենք առնչվել են երկու խնդրի. առաջինը՝ շահառու ճանաչելու փուլում բնակարանների բաշխման հարցերով հանձնաժողովը իր կողմից ընդունած վարչական ակտերը կազմել է օրենքի խախտմամբ, որոնք հետագայում անվավերության հիմք էին հանդիսանում:

«Ըստ էության՝ ունենք մի շարք գործեր, որտեղ հանձնաժողովը օրենքի խախտմամբ կամ սխալ մեկնաբանմամբ ընտանքիներին շահառու չի ճանաչել և այս ընտանքիները ստիպված են դատական կարգով վերականգնել իրենց բնակարանային խնդիրները: Երկրորդ խնդիրը շահառու ճանաչված ընտանիքներն են գյուղական համայնքներում, որոնք իրենց սեփականության իրավունքով հողամասը պայմանագրին համաձայն տրամադրել են «Գլենդել Հիլզ» շինրարարական ընկերությանը, որը պարտավորվել էր պայմանագրի կնքումից հետո 390 օրվա ընթացքում կառուցել շենքերը և տալ պետությանը, իսկ պետությունը նվիրատվությա տեսքով պետք է  հատկացներ այդ բնակարանները քաղաքացիներին: Բայց փաստորեն 2010-ից սկսված մինչ օրս այդ պայմանագրերը չեն կատարվել, այսինքն շինարարական կազմակերպությունը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունը : Մինչդեռ գումարները փոխանցվել է  ՀՀ-ի կողմից կառուցապատողին, իսկ նա չի կատարել իր պարտավորությունը: Քաղաքացիները  այժմ չգիտեն իրենց բնակարանները կառուցվելու են, թե ոչ, իրենց կողմից սեփականության իրավունքով տրամադրված հողմասերի ճակատագրերը հետագայում ինչպես  է լինելու և պետությունը ինչ միջոցներ է ձեռնարկելու «Գլենդել Հիլզին» տրամադրած գումարները հետ վերցնելու համար»,-ասաց Հարությունյանը:

Աթայանը պարզաբանեց, որ շինարարությունը գյուղական համայնքներում սկսվեց 2009-ին մեծ տեմպով,  բայց քանի որ սկսվեց կառուցապատողի սննկացման գործընթացը, այն դադարեց:

Նրա խոսքով՝ այնուամենայնիվ պետությունը անօթևան ընտանիքների նկատմամբ պարատավորությունները չի դադարեցնում:

«Շինարարությունը քանի որ թանկ և երկարատև գործընթաց է, ապա տնտեսական նպատակահարմարության և խնդիրը ավելի արագ լուծելու տեսնակյունից  ֆինանսական աջակցության տրամադրման մոդելն է առաջարկվել: 2014-ից սկսած հանդիպումներ, քննարկումներ եղավ համայնքներում և այդ ընտանիքների մեծամասնությունը համաձայն էր ֆինանսական աջակցության տրամադրմանը: Մենք այդ գործընթացը սկսելու ենք 2016-ից և ավարտելու ենք 2017-ին»,-ասաց Աթայանը:

Քննարկման մասնակից Քաղաքաշինության նախարարության խորհրդատուԱլեքսանդր Մովսիսյանն ասաց, որ այժմ Հայաստանում ճնշող մեծամասնությունը սեյսմակայնության պահանջներին համապատասխան շենքներ են կառուցվում, որովհետև հսկողության բնագավառում պահանջները խստացվել են:

«1994-ին մշակվեց Հայաստանի տարածքի սեյսմաշրջանառության քարտեզը, և մենք անցանք միջազգային ստանդարտների: 1998-ին մշակվեց շենքերի տեխնիկական զննման նորմերը, իսկ1999-ին շենքերի ուժեղացման, վերականգման շինարական նորմերը: Այսօր Հայաստանում գործում է միջազգային ստանդարտներին համապատասխանող նորմատիվատեխնիկական փաստթղթերի դաշտ: Եվ այժմ Հայաստանում 90 տոկոսը մոնոլիտ շենքեր են, որոնք շատ սեյսմակայուն են»,-եզրափակեց Մինասյանը:

Դիտեք քննարկման ամբողջական տեսանյութը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031