Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս չեն ամաչում, որ գումարի դիմաց հազարավոր երեխաների կյանք են վտանգում»

Դեկտեմբեր 05,2015 17:40

Գովազդն ագիտացիոն ուժեղագույն գործիք է, որն ազդում է հատկապես դեռահասների վրա: Գովազդի ազդեցությունն ավելի ուժեղ ու երկարաժամկետ է լինում, եթե դրանցում նկարահանվում են հայտնի և սիրված մարդիկ: Հետևաբար՝ այս ոլորտը խիստ վերահսկման կարիք ունի:

Այսպես են կարծում հոգեբան Իրինա Ծատուրյանը և տնտեսական գիտությունների դոցենտ Կարինե Ասրյանը:

Նրանք պնդում են, որ խաղասրահների, խաղադրույքների հետ կապված բոլոր գովազդները պետք է պետականորեն արգելվեն:

«Ոլորտը չպետք է բարձիթողի վիճակում թողնվի, որ ով ինչ ուզենա, անի, միայն թե իր այսօրվա ապրուստը կամ ընկերության շահույթն ապահովի: Ռուսաստանը, օրինակ, վաղուց արգելել է որևէ գովազդ, որը կապված է խաղասրահների, խաղադրույքների և մարդկանց վնասող այլ բաների հետ: Իսկ մեզանում օրեցօր աճում է գովազդների թիվը, և գովազդային ճիշտ ընտրված գործիքների, կերպարների շնորհիվ գնալով դրանք ավելի ուժեղ ագիտացիոն գործիք են դառնում: Հայտնի, սիրված դեմքերի մասնակցությամբ գովազդներն ուղղակի ազդեցություն են ունենում մարդկանց վրա. նրանց խոսքն ավելի արագ է տեղ հասնում: Ես զարմանում եմ՝ ինչպես են կարողանում այս մարդիկ մի քանի հարյուր դոլարի համար նկարահանվել այսպիսի խայտառակ գովազդներում: Ինչպե՞ս չեն ամաչում, որ գումարի դիմաց հազարավոր երեխաների կյանք են վտանգում: Առհասարակ, այն, ինչ վնասում է մարդուն, չպետք է գովազդվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Կարինե Ասրյանը:

«Մարդիկ կարող են հակադարձել, թե տարիներ առաջ էլ խաղամոլություն կար: Բայց ախր այսքան գովազդ չկար: Առաջ բակերում «ղումար» էին խաղում, բայց այդքան շատ մարդ ընդգրկված չէր դրանում: Միշտ, բոլոր ժամանակներում էլ խաղամոլությունը եղել է, բայց երբեք այնքան տարածված չի եղել, ինչպես հիմա»,- ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Ըստ հոգեբանի՝ մարդուն խաղամոլ են դարձնում հատկապես միայնակության զգացումը, ագահությունը, ծուլությունը, մանկամտությունը, անբավարարվածության զգացումը:

«Խաղամոլությունը մտնում է նաև այսպես կոչված՝ սոցիալական հիվանդությունների մեջ,- ասում է Ի. Ծատուրյանը.- եթե, օրինակ, մարդն ունի ստամոքսի խոց, դրանով շրջապատին չի վնասում, իսկ խաղամոլը վնասում է իր ընտանիքի բոլոր անդամներին, որովհետև ընտանիքի ողջ հնարավորություններն ուղղվում են նրա պարտքերի վերացմանը: Ու դրանով ամեն ինչ չի ավարտվում: Եթե նա շատ է խաղացել, արդեն տարբերակ չունի ընտանիքում չասելու: Եվ ի՞նչ է անում: Ենթադրենք՝ հազար միավոր գումար է պարտք, բայց գալիս ասում է ութ հարյուր (երկու հարյուրի մասին չի ասում): Բարեկամը դա փակում է, բայց երկու հարյուրը մնում է, ու նա էլի է գնում խաղալու, որ կարողանա այդ գումարը հետ բերել: Եվ այդպես դա դառնում է շարունակական»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031