Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հանդիպման ընթացքում անդրադարձել է նաեւ Ազգային անվտանգության ծառայության՝ նոյեմբերի 25-ի գործողություններին:
«Ինչ վերաբերում է օպերատիվ գործողությանը, ապա այն իրականացվել է շատ բարձր մակարդակով: Սկսած այն պահից, երբ այդ մարդիկ հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում, ընդհուպ մինչև վնասազերծման պահը: Ու մենք ուղղակի պետք է շնորհակալություն հայտնենք, և՛ Ազգային անվտանգության ծառայությանը, նրա աշխատակիցներին, և՛ Ոստիկանությանը` այդ աղետը կանխելու համար: Բայց այստեղ ես ուզում եմ, ուղղակի, մեր բոլորիս ուշադրությունը հրավիրել բոլոր այն մարդկանց վրա, ովքեր փորձում են թերագնահատել իրականացված աշխատանքը: Մինչդեռ, այս մարդկանց կեցավայրից, նրանց վարձակալած բնակարանից ինչեր ասես, որ չեն հայտնաբերել: Եվ Ազգային անվտանգության ծառայությունն ամբողջական ցանկը տվեց: Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր»,- ասել էր նա:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ այս հայտարարությանը: Նա նշեց, որ Նորք-Մարաշում վնասազերծված խումբը ահաբեկիչին ոչ հարիր պացիֆիզմ ուներ, որովհետեւ գրոհի ժամանակ որեւիցե դիմադրություն ցույց չի տվել. «Սա արդեն նշանակում է, որ այդքան էլ նման չեն ահաբեկիչներին: Երկրորդը՝ ինքնին հարուցված քրեական գործը ահաբեկչության նախապատրաստման հոդվածով չէ: Այսինքն՝ ֆորմալ առումով Ազգային անվտանգության ծառայությունը չի պնդում, որ սա ահաբեկչական խումբ էր: Հաջորդը՝ պետք է հաշվի առնել, որ այդ խմբի անդամներից ոմանք, այնուամենայնիվ, ինչքան հասկանում ենք Քեսաբում պաշտպանել են հայկական համայնքը իրական ահաբեկիչներից՝ իսլամիստ ահաբեկիչներից: Եվ հաջորդը՝ ինչը որ պետք է հասկանալ, իրականում Հայաստանում որեւիցե հակաահաբեկչական միջոցառում չի իրականացվում եւ չի իրականացվել: Հակաահաբեկչական միջոցառումները ենթադրում են միջոցառումներ, որոնք կպաշտպանեն ահաբեկիչների պոտենցիալ թիրախները, խոցելի տեղերը»:
Մեր նկատառմանը, թե Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում, անդրադառնալով վնասազերծման խմբին, չի օգտագործել ահաբեկիչ բառը, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ կարծում է՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը դա ենթադրում էր. «Երբ ասում է 1 միլիոնանոց քաղաքում …. քաղաքում կան շատ ավելի շատ վտանգավոր զինված խմբեր կամ հանրապետությունում, սկսած՝ Սուրիկ Խաչատրյանից, ում զենքերը կրակել են մարդկանց վրա եւ կյանքից զրկել են մարդկանց: Այնպես էր միշտ պետք է հաշվի առնել, թե ինչն է իրական վտանգը եւ ում համար»:
Կարդացեք նաև
Դանիել Իոաննիսյանը համարում է, որ հայտարարությամբ փորձվում է քարոզչական ծածկույթ ապահովել կատարված գործողության համար եւ հիմնավորել, թե ինչու են վնասազերծել Հայաստանի բազմաթիվ զինված խմբերից հենց այս մեկին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ