Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորի դպրոցներից մեկում կայացավ գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված հայ մեծ պոետ Վահան Տերյանի 130 ամյակին

Դեկտեմբեր 05,2015 14:05

Վերջերս Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցի դահլիճում կայացավ գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված հայ մեծ պոետ Վահան Տերյանի 130 ամյակին: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, դպրոցի նախկին շրջանավարտ Անի Դավթյանի կազմակերպմամբ տարբեր դասարանների աշակերտներ ներկայացրեցին Վահան Տերյանի կենսագրականը, նրա ստեղծագործությունը: Խոսեցին «Մթնշաղի անուրջները» ժողովածուի մասին, որը հռչակ բերեց պատանի Վահանին: Այնուհետև  հնչեցին հայ մեծերի(Չարենց, Թումանյան, Իսահակյան, Զորյան և այլոք) խոսքերը Տերյանի և նրա գործերի մասին: Ընթերցելով սիրելի բանաստեղծի  մի քանի տասնյակ բանաստեղծություններ՝ աշակերտները հուշեր արթնացրեցին հատկապես տարեցների մոտ, հուզեցին ներկաներին՝ Բերձորի թիվ 1 և թիվ 2 դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, քաղաքային գրադարանի աշխատակիցներ, ծնողներ, հյուրեր, կրթության բաժնի աշխատակիցներ: Շատերն էին ասմունքում աշակերտների հետ: Տպավորիչ  ազդեցություն թողեցին նաև Տերյանի բանաստեղծություններով գրված «Իմ խաղաղ երեկոն է հիմա» (գեղեցիկ կատարեցին 6-րդ դասարանցիներ Սնեժանան, Լիլիթը և իններորդցի Շողերը ), «Կարուսել» (երգեց Աստղիկ Համբարձումյանը՝ Վլադիմիր Սարգսյանի՝ կիթառի նվագակցությամբ) և այլ երգեր: «Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին-ը, որը հիանալի ընթերցեց ասմունքի մի շարք մրցույթների հաղթող, 12-րդ դասարանցի Արեն Հովհաննիսյանը, ևս մեկ անգամ պատգամ է մեզ, որ մենք հազարամյակների ազգ ենք:

Հանդիսատեսին հուզեցին նաև  Արենի համադասարանցիներ Նարեկ Հարությունյանի, Սիրվարդ Խանոյանի, այլոց ելույթները: Երաժշտական հնչյունների տակ «Սիրտս ցավում է անցած-գնացած օրերիս համար» բանաստեղծությունն ընթերցեց Արա Մասկաևը, իսկ   Վիկտորյա Հակոբյանը՝ ամբողջությամբ ճերմակ հագած, պարային շարժումներով ավելի տպավորիչ դարձրեց մեծ բանաստեղծի այդ ստեղծագործությունը Աշակերտների ելույթներին զուգահեռ՝ էկրանին ցուցադրվում էր տեսաֆիլմ՝ նվիրված Տերյանին, նրա հարազատ ծննդավայր Գանձային:

Շրջվարչակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արաքսյա Այվազյանը և թիվ 1 դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը կայացած համարեցին ցերեկույթը, շնորհակալություն հայտնեցին աշակերտներին, Ա. Դավթյանին՝ բոլորին  գեղեցիկ ու հուզիչ պահեր պարգևելու համար: Պարային կատարումներով հանդես եկան նաև Բերձորի արվեստի դպրոցի պարի խմբակի սաները (պարուսույց՝ Ա. Մովսիսյան): Միջոցառման վերջում Ա. Դավթյանին քաղաքային գրադարանի տնօրեն Սոնա Հովեյանի կողմից «Արցախապատում» գիրքը նվիրվեց:

 

       Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031