Այսօր Հայաստանում լռության օր է, իսկ վաղը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը: Մինչ այդ այնքան խոսվեց «այո»-ի և «ոչ»-ի մասին, որ լռության նույնիսկ երևի թե ոչ միայն մեկ օրը, այլ մի շաբաթը անգամ հասարակությանը չօգնի ուշքի գալ «այո»-ի կամ «ոչ»-ի տեղատարափից: Այնուամենայնիվ, վաղը պետք է քվեարկել, թեև շատ հնարավոր է, որ քվեարկության կգնան ոչ բոլորը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այսպես, թե այնպես, տեղի է ունենալու պետական ողջ կյանքի, ամբողջ հասարակության համար կարևոր իրադարձություն՝ հաղթի «այո»-ն, թե «ոչ»-ը:
Վերջին հաշվով, սա լինելու է անկախ Հայաստանի քառորդդարյա ընթացքի հերթական կարևոր մի հանգրվանը, որն անկասկած իր էֆեկտն է ունենալու հասարակության կյանքում փորձառության տեսքով: Առնվազն այն էֆեկտը, որ գրեթե համազգային կամա, թե ակամա կոնսենսուսով բոլորը ուղղակի, թե անուղղակի հաստատեցին, որ Սահմանադրության այս կամ այն ձևը քիչ է, կառավարման այս կամ այն մոդելը քիչ է զարգացող, անվտանգ պետություն ունենալու համար՝ պետք է կամք, քաղաքական կամ անհատական կամք, պետք են նաև արժեքներ, քաղաքացիական, իրավական գիտակցություն, պետք են, ի վերջո, երազանքներ ու տեսլականներ: Դրանք են ուղենիշները, իսկ մնացյալը՝ ընդամենը ուղենիշների արդյունք կամ հետևանք: Եվ այս տեսանկյունից, իհարկե, դեկտեմբերի 6-ը, ըստ էության, կլինի հայ ժողովրդի, հայկական համեմատաբար երիտասարդ պետականության ուղենիշների չափման հերթական օրը:
Միևնույն ժամանակ, այս ամենին զուգահեռ՝ իրավիճակը զարգանում է, իհարկե, ընդգծված քաղաքական գործընթացներով, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ իշխանական և ընդդիմադիր: Բաժանումը «այո»-ի կամ «ոչ»-ի չէ, որովհետև ընդդիմադիր դաշտում էլ կան որոշակի բաժանարար գծեր: Եվ այս տեսանկյունից դեկտեմբերի 6-ը ինչ-որ իմաստով նաև Հայաստանում քաղաքական վերադասավորումների մեկնարկ է լինելու, որը միգուցե կխթանի արագացված գործընթացներ, իսկ միգուցե նաև կբերի երկարատև դիրքային պայքարի մեկնարկի:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: