Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու տասը օր առաջ Երեւանի Նորք-Մարաշ թաղամասում զինված խմբի վնասազերծմանը հաջորդած, այսպես ասենք՝ կասկածամտությամբ հագեցած արձագանքներին ու մտացածին մի շարք հարցերի, «փորձագիտական» շղարշով պարուրված ինչ-ինչ մեկնաբանությունների:
Դժվար է համոզված ասել, բայց հնարավոր է, որ զանազան ահաբեկչական խմբավորումներ կնախանձեին, եթե իրենց համար նման քարոզչություն իրականացվեր, ինչ այս օրերին ծավալվել է եւ, անկասկած, դեռ ծավալվելու է Հայաստանի լրատվական հարթակներում ու քարոզչական դաշտում:
Զարմանալի է, որ վնասազերծված խմբի անդամներից մի քանիսին հանրային պաշտպան տրամադրելու կարիք առաջացավ, քանզի որոշ արձագանքներ նկատի ունենալով, կարելի էր չկասկածել, որ ցանկացած հակապետական դրսեւորում արդարացնող «իրավապաշտպանները» կնետվեն կրծքով պաշտպանելու Արթուր Վարդանյանին ու նրա «ջրերն ընկածներին»:
Ամեն պարագայում, ակնհայտ է. հետեւողական քարոզչություն է իրականացվում, որ վնասազերծված խմբի բոլոր անդամները ազնիվ, հայրենասեր, մարդասեր, մի խոսքով՝ մարդկային գրեթե բոլոր առաքինություններով օժտված, օրինակելի քաղաքացիներ են: Կարելի է կարծել, թե տվյալ խմբի մեջ ներգրավված մարդկանց անձնական հատկանիշների հարցն է դրված, ասենք՝ բարեգործական ընկերություն հիմնադրելու կամ մարդասիրական առաքելության համար կամավորներ ներգրավելու համար, այլ ոչ թե, ինչպես պաշտոնական հայտարարություններում է նշվել, Երեւանում եւ Հայաստանի այլ բնակավայրերում ահաբեկչական գործողություններ նախապատրաստողների:
Կարդացեք նաև
Նմանօրինակ քարոզչության նմուշները քիչ չեն: Կարելի է վերցնել թեկուզ Դանիել Իոաննիսյանի, օրերս թերթերից մեկում հրապարակված հոդվածում նշված մեկ-երկու արտահայտություն: Նրա համար, տեսեք-տեսեք, զավեշտալի է, որ վնասազերծված խումբը բնութագրվել է ահաբեկչական, բայց կալանավորված անձանցից մի քանիսը մասնակցել են Արցախի ազատամարտին: Դ.Իոաննիսյանն ու այս «թեզը» շրջանառողների միակ փաստարկն այն է, թե՝ «բա Արցախի ազատամարտի մասնակիցը կներգրավվե՞ր նման հակապետական ծրագրի մեջ»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: