«Ամերիկայի ձայն». Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններն անցնելու են բավականին բարդ պայմաններում, կարծիք են հայտնում ամերիկացի վերլուծաբանները: Հայտնի պատմաբան, Քլարքի համալսարանի դասախոս Թաներ Աքչամի կարծիքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումը բացասաբար կարող է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի վրա:
«Ղարաբաղը կարող է դառնալ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի ռազմադաշտ», – ասում է Աքչամը:
Պատմաբանի խոսքով, նման վտանգի մասին են վկայում Անկարայի վերջին գործողությունները Հարավային Կովկասում.
«Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վատթարացման պես՝ Բաքուն առաջին դուռն էր, որը թակեց թուրք կառավարությունը»:
Կարդացեք նաև
Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրված խոստումները նոր չեն եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ զսպող դեր է կատարում, համոզված է անկախ փորձագետ Էմիլ Սանամյանը.
«Հայաստանի տարածքում ռուսական զորքերի ներկայության տրամաբանությունը կապված է առաջին հերթին հայ-թուրքական հարաբերությունների, այլ ոչ թե ղարաբաղյան հակամարտության հետ»:
Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը միտված է ղարաբաղյան խնդիրը դիտարկել այլ տեսանկյունից: Շարունակելով միջազգային միջնորդների տրամաբանությունը՝ Բլանքն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստատուս քվոյի շարունակությունն այլեւս անհնարին եւ վտանգավոր է դարձել.
«Վերջին շրջանում տեղի էին ունեցել բազմաթիվ ընդհարումներ, որոնք մարդկային զոհերի էին հանգեցրել. դա լավ իրավիճակ չէ եւ որքան շատ շարունակվի այդ իրավիճակը, այնքան բարդ կլինի այն կարգավորել»:
Սթիվեն Բլանքի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն Միացյալ Նահանգների՝ կարգավորման գործընթացում ավելի ակտիվ մասնակցության դեպքում: Վերլուծաբանի խոսքով, վերջին շրջանում նման հեռանկարն ավելի հավանական է դարձել:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Էդ Միացյալ Նահանգները որտեղ են վիճակ կարգավորել, որ հիմա էլ Ղարաբաղում կարգավորեն: Նրանք հենց սկզբից ասել են , որ հողերը հետ պիտի տրվեն Ադրբեջանին ու հիմա տեսնելով , որ Ռուսաստանը դիրքերը ուզում է ամրապնդել, ուզում են ”առաջ ընկնեն , որ հետ չընկնեն”: Շողոքորթ ժպիտով աշխարհ են քանդում, հայերս էլ , մեր հավերժական միամտությամբ էլի թակարդը պիտի ընկնենք : ԱՄՆ -ը խառնվեց գործին, ուրեմն Իրաքի ու Սիրիայի օրն ենք ընկնելու, խելք հավաքեք: Միթե տեսանելի չի նրանց քիփ կապը Թուրքիայի հետ ?