Հարցազրույց քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ
-Սեփական պարտությունը արժանապատվորեն ընդունելը քաղաքական մշակույթի ձեւ է, ինչը, ցավոք, բացակայում է մեր ներքաղաքական դաշտում: Ինչո՞ւ:
-Խնդիրն այն է, որ պարտվող քաղաքական ուժերը նախապես այնպիսի մեծ ծրագրեր են առաջ քաշում, այնպիսի կեղծ խոստումներ տալիս, որ հետո այլեւս չեն ուզում ընդունել իրենց պարտությունը:
Բերեմ կոնկրետ օրինակ. ընտրություններից առաջ բոլոր ընդդիմադիրներն ասում են` ժողովուրդը մեզ հետ է, ու չեն էլ բացատրում, թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով չափեցին, թե ժողովրդի ո՞ր տոկոսը, ո՞ր հատվածն է իրենց հետ: Հետո սրան հաջորդում են պնդումները, թե իրենք հաղթելու են, չնայած լավ իմանալով, որ պարտվելու են:
Բնականաբար այս ամենը հետընտրական շրջանում վերածվում է շոուի, սկսում են աղմկել, թե մենք չենք պարտվել, այլ մեր հաղթանակը գողացել են:
-Ամեն մի քաղաքական պարտություն պետք է, որ պարտվող ուժի համար նաեւ դաս դառնա, բայց մեզ մոտ անգամ այս տրամաբանությունը չի աշխատում:
-Դասեր քաղելու փոխարեն պարտվողները զբաղված են պարզ պոպուլիզմով: Իհարկե նորմալ է, որ քաղաքական ուժերը զբաղվում են պոպուլիզմով, բայց դա էլ իր սահմանն ունի: Կյանքի ցանկացած ոլորտում է այդպես, եթե չափն անցար, ապա ամեն ինչ աղավաղվում է: Այսօր մեր ներքաղաքական դաշտում նման աղավաղված գործընթացների ականատեսն ենք:
Եկեք դիտարկենք այդ իրականությունը. տեսեք, ասում ենք՝ 1996-ին հաղթել է Վազգեն Մանուկյանը, 1998-ին` Կարեն Դեմիրճյանը, 2003-ին` Ստեփան Դեմիրճյանը, 2008-ին` Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ 2013-ին` Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մարդիկ, բոլոր ժամանակներում իրենց հռչակել են հաղթանակածներ, բայց այդպես լինո՞ւմ է: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները, այն էլ եթերից, հայտարարում են` նա ժողովրդի 80 տոկոսի քվեն է վաստակել: Իսկ ո՞վ է չափել, որտեղի՞ց այդ համոզվածությունը, երբ քվեարկության պատկերը բոլորովին այլ բան ցույց տվեց:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: