Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավ» եւ «վատ» հարցեր

Դեկտեմբեր 05,2015 10:00

1998 թվականից, երբ ասուլիսներ (կամ եթե կուզեք` «կոլեկտիվ հարցազրույցներ» կամ «հանդիպումներ նախագահների հետ») կազմակերպում են երկրորդ կամ երրորդ նախագահները, ես լրատվամիջոցներով, իսկ հիմա Ֆեյսբուքով կարդում եմ մոտավորապես այս կարգի մեկնաբանություններ. «Նրանք, ովքեր գնացել են այդ ասուլիսներին, վատ լրագրողներ են, ծախված են, իսկ ահա մենք` այն լրագրողներս, որոնք այնտեղ չէինք հրավիրված, մենք լավն ենք եւ անկախ ենք: Եթե մենք այնտեղ լինեինք, ավելի սուր, ավելի խիզախ հարցեր կտայինք: Իսկ ծախված եւ անորակ լրագրողները, բնականաբար, տալիս են վատ եւ նախագահի ականջին հաճո հարցեր»: Ես միշտ չէ, որ մասնակցել եմ այդ միջոցառումներին, բայց երբ չեմ հրավիրվել, միեւնույն է` նման դատողություններ չեմ արել, որովհետեւ սովորություն չունեմ ինքնահաստատվել՝ գործընկերներիս նսեմացնելով:

Մի հարցում քննադատությունը տեղին է. նախագահականում սխալ պրակտիկա է ձեւավորվել` լրագրողներին կանչել առանց տեսախցիկների, եւ այդպիսով հեռուստաընկերությունները հնարավորություն չունեն անմիջապես եթեր տալու ասուլիսը եւ ստիպված են սպասել` մինչեւ նախագահականից կուղարկեն տեսագրությունը: Դա, օրինակ, այս վերջին ասուլիսի դեպքում նաեւ անիմաստ էր, որովհետեւ ուղարկվել էր տեսագրություն, որն, ըստ էության, մոնտաժված չէր՝ մոնտաժը զուտ տեխնիկական էր: Բայց նման աշխատաոճը, կրկնեմ, սխալ է եւ որոշակի կասկածամտություն է առաջացնում: Վերջին ասուլիսը, ի դեպ, սկսվեց 20:15-ին եւ ավարտվեց 22:20-ին: Այդ ժամին զուտ տեխնիկապես շատ բարդ է որեւէ ռեպորտաժ պատրաստելը՝ անգամ տեսագրության առկայության դեպքում:

Բնականաբար, եթե այդ ասուլիսի ժամանակ հնչեր մի այնպիսի աշխարհացունց նորություն, որի մասին ոչ ոք տեղյակ չէր, բոլորը կշտապեին թեկուզ հեռախոսով կապվել իրենց հեռուստաընկերությունների հետ եւ մեկ նախադասությամբ ձեւակերպել գլխավոր լուրը: Բայց նման բան չեղավ, իսկ առավոտյան կար նաեւ տեսագրությունը: Իսկ առաջ ընկնել մյուս գործընկերներից եւ որեւէ կայքի արագ որեւէ բան թելադրելը՝ էթիկապես սխալ եմ համարում:

Մնացածը` ով է լավ մասնագետ, ով` վատ, ով է անկախ, իսկ ով` կախյալ, այդ բոլոր հարցերի մասին ամեն մեկն ունի իր տեսակետը: Պարզապես ներկայացնեմ վերջին ասուլիսում իմ երկրորդ հարցը եւ նախագահի պատասխանի սկիզբը, որն անմիջականորեն վերաբերում էր իմ հարցին (ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ):

Արամ Աբրահամյան. 2014թ. ապրիլի 10-ին մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպմանը Ձեր ելույթում Դուք արդեն վկայակոչվել եք, երբ ասում եք, որ գերադասում եք նախագահական համակարգը, այդտեղ Դուք նաեւ ասացիք, որ չեք պատրաստվում դառնալ վարչապետ: Այսինքն՝ ինչի՞ համար էիք այդ ժամանակ ասում, իսկ հիմա, կարծես թե, հրաժարվում եք դրանից: Հիմա հրաժարվո՞ւմ եք Ձեր խոսքերից, որ չեք պատրաստվում դառնալ վարչապետ, նախագահ եւ ԱԺ նախագահ:

Սերժ Սարգսյան. Ոչ: Ես իմ խոսքերից, չասեմ երբեք չեմ հրաժարվել, բայց հիմնականում՝ լինի դա կենցաղում, թե քաղաքականության մեջ՝ ոչ մի բանից չեմ հրաժարվում: Ես ուղղակի չեմ ուզում լավ գործը, սկզբունքային գործը խառնել մեկ այլ գործի հետ: Սա՛ է իմ ամբողջ նպատակը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նախագահական պատասխանը յիշեցնում է Շոն Քանըրիյով վերջին James Bond-ի ֆիլմը, որու մէջ ան այդ դերը անգամ մը եւս ստանձնեց, մինչ նախապէս կտրուկ եւ հաստատ կերպով յայտարարած էր թէ այլեւս երբեք չի վերադառնալու այդ դերին՝ Never Say Never Again

  2. Մարգար Մախսուդյան says:

    Քանի որ այսօր ՛՛լռության օր՛՛ է, ապա կաշխատեմ իմ մեջ եռացող ՛՛Ոչ՛՛-ը մի կերպ զսպել, մինչև կբացվի առավոտը, բայց մինչ այդ՝ մի հին հայկական ավանդություն պատմեմ, որն այնքան այժմեական է, որ ասես այսօր ստեղծված լինի…
    Լինում է չի լինում, մի սազանդար. Կիրթ, տաղանդավոր ու համակրելի մի երիտասարդ, որին բոլոր ճանաչողները անխտիր սիրում էին: Տվյալ պահի թագավորը, որ լսում ա էս մեր սազանդարի տաղանդների մասին, կանչում ա պալատ ու ասում.
    -Բայց դու լավ տղա ես երևում, հա՛, կարա՞ս էդ քու գիտությունով ժողովրդիս մեջ իմ գովքն անես, համ էլ ձեռի հետ իմ չուզողների մասին ինչ որ պետքն ա՝ ասես:
    -Թագավորն ապրած կենա, դու պրոբլեմ չունես, չէ՞ որ մեր պապերը հարևան գյուղերում են ապրելիս եղել, բա ես էդ բանը կարա՞մ մոռանամ, – ասում ա մեր սազանդարն ու անցնում գործի: Գրում ա մի գերող ներբող ու ներկայացնում թագավորին.
    https://www.youtube.com/watch?v=zwCHisI1Djw
    Թագավո՛ր, թագավո՛ր, մեծ թագավո՜ր
    Խելքի ծո՜վ, խղճի ծո՜վ, թա-գա-վո՛ր…
    Մեծ-մե՛ծ, քաջ-քա՛ջ, հայ-թագավոր
    Հայ-դու՜…ազգի թագավոր…

    Քեզ գովեմ գիշեր ու զօր, մեր՝ հզոր
    Քեզ գովեմ տարին բոլոր իմ իմ սազով
    Հայ-դու՜…
    Առյուծ, առյուծ, առյուծ
    Արծիվ, արծիվ, արծիվ
    Ծաղիկ, ծաղիկ սազի
    Ա՛զ-գի թագավո՛ր…
    -Շատ լավ ա, ապրես, դե՝ դավայ, քեզ տեսնեմ, շուտ անցի գործիդ,- ուրախ-ուրախ ասում ա թագավորը…
    Ու գյուղից-գյուղ, քաղաքից-քաղաք թափառելով մեր սազանդարը մի գլուխ էդ ներբողն ա երգում, բայց մեկ-մեկ էլ բառերի տեղերը փոխում ա, որ ոչ ինքը ձանձրանա, ոչ էլ լսողները…
    Էսպես որ անցնում ա մի որոշ ժամանակ, էս մեր սազանդարը տեսնում ա, որ ինչքան ինքը շատ ա երգում, էնքան էս ժողովուրդը հալ ու մաշ ա ըլնում ու կոտորվում, իսկ ով էլ որ գլխի ա ընկնում, որ պիտի շուտով կոտորվի, փախնում ա օտար երկրներ, գլուխն ազատում:
    Մեր սազանդարը, որ էս ամենը սեփական աչքովը տեսնում ա, շատ ա տրտմում, էլ երգելը չի գալիս, բայց որ թագավորին խաստացած ա ըլնում, շարունակում ա մի կերպ յոլա տանել, բայց մեկ-մեկ էլ թարս բաներ ա ասում, կամ էլ թագավորի չուզողներին քլնգելու տեղը, գովաբանում ա:
    Բայց հո բիզը չե՞ս կարա պարկումը երկար պարտակես. Լուրը գնում, հասնում ա թագավորին, որն էդ ընթացքում ուտել-խմելով, տաշի-տուշիներով թագավորական գանձարանի հերն արդեն էնքան անիծած ա ըլնում, որ մենակ մկներն են խաղեր տալիս ըլնում: Որ էդ վիճակից թագավորը սթափվում ա, էնքան ա նեղվում, որ իր թագավորության բոլոր 12 սազանդարներին կանչում ա պալատ երգելու, որ համ ինքը իր հոգին կրծող խիղճը հանգստացնի, համ էլ երկրում դեռևս մնացած մի բուռ ժողովուրդը տեսնի, որ թագավորը դեռ ողջ-առողջ ա, տրամադրությունն էլ՝ տեղը:
    Դե՝ սազանդարները հերթով, ով ինչքան կարողանում ա՝ երգում են, ով բառերը մոռացած ըլնում, նեյնիմ-նեյնիմներին ա զոռ տալիս, թագավորն էլ մեկումեջ մի տեսակ անհավես ասում ա՝ հավ-է՜-սո՛վ, մինչև որ հերթը հասնում ա մեր սազանդարին:
    Մեր սազանդարն էլ, որ էդ թութակություններից բավականին զահլեն գնացած ա ըլնում, շիտակ նայում ա թագավորին, ատամները սեղմում ու սկսում իրա՝ ժամանակի փորձությունն անցած ներբողը.
    Թագավո՛ր, թագավո՛ր, մեծ թագավո՜ր…
    Բայց հենց որ հասնում ա էն տեղը, որ պիտի ասի՝ Առյուծ, առյուծ, առյուծ, ասես կարկամում ա, մեկ էլ որոտընդոստ տեղիցը վեր ա թռչում ու բացականչում.
    -Տո քեզնից ի՞նչ առյուծ, ա՛յ քյալ…
    Ու ձեռի թանգանոց սազը նենց թափով ա թագավորի գլխովը տալիս, որ սազը հազար կտոր ա դառնում ու թռչում տիեզերք՝ Կոզբադինի գլուխը կոտրած կոտի նման…
    (շարունակելի)

  3. Մեսրոպ Թումանյան says:

    Պարոն Աբրահամյան, իսկ դուք նորմա՞լ եք համարում երբ երկրի նախագահը «դու»-ով է դիմում լրագրողներին:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ոչ: Ես, օրինակ, եթերում անկախ մարդկանց տարիքից եւ իմ հետ հարաբերություենների մտերմությունից, մարդկանց դիմում եմ «դուք»-ով:

    • partizan says:

      Բոլոր նորմալ երկրներում, ներառյալ Հայաստանը 1815 թվից առաջ, անհատին դիմելիս հոգնակի չի օգտագործվում, ինչքան գիտեմ։ Գուցե սխալվում եմ, բայց հոգնակի դիմելաձևը առանձնահատուկ է ռուսական խոսքին։ Էնպես որ – շատ էլ ձիշտ է դիմել, չնայած Առաջին նախագահին չեմ համակրում։ Եկեք խոսենք և գրենք հայատառ Հայերենով։

      • Հ.Շ. says:

        կախում ունի թէ ում հետ ես խօսում,
        եւ ինչ կերպով,
        կամ ինչ շեշտով
        եւ այլն.

        այդ ըմբռնողութեամբ՝
        կայ «դուք», որ համազօր է… թուքի
        եւ կայ «դու», որ խորապէս յարգալից է

        (իսկ հետաքրքիր որ, անգլէրէնի մէջ, չկայ տարբերութիւն…

        go figure…)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031