Լրահոս
Օրվա լրահոսը

Անձյուն համատարածը

Դեկտեմբեր 05,2015 15:00
merujan Ter-Gulanyan

Անցած գիշեր` չնայած պատուհանից դուրս չէի նայում, բայց ինձ թվում էր, թե ձյուն է գալիս: Գրում էի խոսքս ու պատկերացնում, թե ինչպես է իջնում այս տարվա առաջին ձյունը` մեր հին, բայց անհուսահատ երկրի վրա…

Ներհուն, ներանձնացած վիճակ էր, եւ կարծես թե ինչը արդեն եղել էր մեր կյանքում, անցել էր այլեւս անվերադարձ:

Եվ վաղը կփակվեն բոլոր գրեթե ճանապարհները, եւ մենք` դիմություն, թե՛ ընդդիմություն, հարուստ, թե՛ աղքատ կմնանք մեզ բաժին հասած ձյան հետ մենակ: Եվ մեզ կմոռանան ու էլ չեն հիշի մեզ, եթե մենք մեզ չհիշենք:

Ձյուն է գալիս: Եվ այս համատարած լռության մեջ մտածում եմ, թե ինչ անխորտակ հավատ է պետք մեզ, որ գոնե մի օր ձյան հետ դեմ առ դեմ մոռանանք. ես, ես, ես, իմը, իմը, իմը: Եվ ճերմակ համատարածի առջեւ` մոռանալով քեն ու վրեժ, մտածենք` հանուն, հանուն, հանուն եւ ոչ թե` ընդդեմ, ընդդեմ, ընդդեմ…

Այդ ե՞րբ էր, որ Հայոց Եկեղեցու ժամանակի ղեկավարները Մեծն Վարդան զորավարին կռվի հանեցին արդեն թագավոր օծված Վասակ Սյունիի դեմ: Եվ հետեւանքը եղավ այն, ինչ գիտենք այսօր: Ո՛չ Վարդանը դարձավ թագավոր, ո՛չ էլ Վասակը: Եվ Նոյ տեսած մեր երկիրը մնաց անպաշտպան Բյուզանդիայի, պարսիկների եւ արաբների դեմ մեն-մենակ` որբ ու անթագավոր:

Այնինչ` ձյունը շարունակոււմ է իջնել: Ձյունն իջնում, նստում է Տերյանի գերեզմանին` արթնացնելով նրա հավերժական թախիծը՝ իր իսկ հորինած երկիր Նաիրիի հանդեպ: Իջնում է Չարենցի թափառող հոգու վրա, որ նույնպես մնաց երկիր Նաիրիի տիեզերական ուխտավորը:

Ձյունն իջնում, նստում է նաեւ Հրանտ Մաթեւոսյանի վրա` չկարողանալով ծածկել նրա անհանգստությունը մեր եւ մեր ճակատագրի հանդեպ: Նա, որ սուզվեց մեր էության խորքը եւ վախեցավ իր իսկ հայտնագործությունից եւ տողերի արանքում շշնջաց. –Այ տա, վայ թե էս մեր հայ ազգը մի մեծ սուտ է …

Ձյունը իջնում եւ նստում է նաեւ Սարոյանի ձեռքից անվերջ ընկնող, բայց այդպես էլ հողին չհասնող նռան վրա` Կոմիտասին թողնելով բոլորի հետ միայնակ` առանց երգչախմբի:
Ավարտում եմ խոսքս ու համառորեն դուրս չեմ նայում պատուհանից: Եվ զարմանալի բան. իմ թիկունքից լսվում է գեղեցկուհի Էսթեր հարսիկիս գրկում ամփոփված երկուամսական սիրելի Լեո թոռնիկիս ձայնը՝ աղո՜ւ…

Եվ նա առաջին անգամ է կյանքում ձյունը տեսնում: Ես շրջվում, գրկում եմ նրան ու ցույց եմ տալիս խոշոր փաթիլներով ձյունը, որը կարծես ես էլ եմ առաջին անգամ տեսնում:
Ու չգիտեմ` ձյունը իմ ներսո՞ւմ է գալիս, թե՞ դրսում, բայց մի բան գիտեմ հաստատ, որ կա հայրենիք երկիրը մեր, որ եղել է մեզանից առաջ եւ լինելու է մեզանից հետո: Միայն թե եկող ձյան մասին մտածելով` մենք ու Լեո թոռնիկս կարողանանք հաղթահարել մեր այսօրվա անձյուն համատարածը:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031