Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն ԵԺԿ-ի հետ լավ չի աշխատել»

Դեկտեմբեր 05,2015 14:30

Հայաստանի արտաքին քաղաքականության դաշտում
շարունակական պարտությունների պատճառները

Վերջին օրերին տեղի ունեցան ՀՀ արտաքին քաղաքականության վրա բացասաբար ազդող մի շարք իրադարձություններ: ԵԽԽՎ-ում մեկը մյուսի հետեւից սկսեցին լիագումար նիստի օրակարգ ներգրավվել հակահայկական բանաձեւեր, այնուհետեւ Թուրքիան Սիրիայի տարածքում ռուսական ռազմական ինքնաթիռ կործանեց: Վերջին իրադարձությունն էլ Երեւանում` Նորք-Մարաշում, «ահաբեկչություն» ներկայացված զինված հանցախմբի վնասազերծումն էր, որին արձագանքեց նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

«Առավոտը» նշված իրադարձությունների շրջանակում զրուցեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հետ: Հարցին` ԵԽԽՎ-ում իրար հաջորդող հակահայկական զեկույցների ընդունումն արդյոք ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցության «պտուղնե՞րն» էր, Ադրբեջանի խավիարային դիվանագիտության ձեռքբերո՞ւմ, թե՞ հայկական պատվիրակության ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ես ուղիղ կապ չեմ տեսնում ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ: Որոշումները կայացվում են ԵԽԽՎ պատվիրակների կողմից, որոնք էլ գալիս են Վեհաժողով իրենց խորհրդարաններից»: Վլադիմիր Կարապետյանի հավաստմամբ` այդ խորհրդարանների մեծ մասը իրապես անկախ է կառավարություններից, եւ վերջիններս սահմանափակ ազդեցություն ունեն խորհրդարանականների վրա: Դրան գումարվում են ընդդիմադիր պատգամավորները, որոնք, բնականաբար, չեն ենթարկվում որեւէ կառավարության որեւէ հրահանգներին:

Ու այս տեսանկյունից պարոն Կարապետյանը կարծում է, որ մեր պատվիրակության առջեւ գործունեության լայն դաշտ էր բացվել` կանխելու Հայաստանի դեմ որեւէ զարգացում, ինչը, սակայն, ինչպես երեւում է, չի օգտագործվել: Վլադիմիր Կարապետյանը փաստեց. «Հանրահայտ է, որ ԵԽԽՎ պատգամավորների մեծ մասը եվրոպական տարբեր երկրների ԵԺԿ կուսակցությունների անդամ են: Մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանը մասնակցել է, եթե չեմ սխալվում, 4 ԵԺԿ հանդիպման: Անիմաստ ելույթների փոխարեն՝ հայկական պատվիրակությունը պետք է գործադրեր հնարավոր ջանքերը` կուսակիցների դիրքորոշումների վրա ազդելու համար: Այդ բանաձեւերը չէին էլ նախաձեռնվի, եթե ԵԺԿ-ն դեմ լիներ»: Հետեւաբար ԵԽԽՎ-ի ընդունած խայտառակ զեկույցները, ըստ պարոն Կարապետյանի, երկու պատճառով են ծնվել. «Կամ ՀՀԿ ղեկավարը թերացել է եւ չի աշխատել պատշաճ ջանասիրությամբ` կանխելու ԵԺԿ աջակցությունը հակահայ բանաձեւերին, կամ էլ այս բանաձեւերը ԵԺԿ դիրքորոշումն է Սերժ Սարգսյանի նկատմամբ. ԵԺԿ-ում նկատել են, որ Սերժ Սարգսյանի ելույթները ԵԺԿ-ում ունեն ընդգծված ներքին նշանակություն եւ չեն ուղեկցվում որեւէ լուրջ աշխատանքով»:

Արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ-ի առաջ ծառացած մյուս մարտահրավերն առաջացավ Սիրիայի տարածքում ռուսական ավիախմբի «Սու-24» ինքնաթիռի` Թուրքիայի կողմից կործանումից հետո: Բազմաթիվ վերլուծաբաններ մտավախություն են հայտնում, որ այժմ Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանին այս հակամարտության մեջ ներքաշելու համար, այնինչ ակնհայտ է, որ հակամարտությունը մեր երկրինը չէ: Մեր հարցին` ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում Հայաստանի ներգրավվածության առումով ռուս-թուրքական հակամարտության մեջ: Ռուսաստանի կողմից Հայաստանին այդ հակամարտության մեջ ներքաշելու փորձեր են արվում, օրինակ՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու առաջարկը եւ այլն: Հայաստանն ինչպե՞ս կարող է խուսափել այդ ներգրավվածությունից, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Չէի շտապի նման գնահատականներով: Ռուսաստանը լավ գիտի, թե ինչ վիճակում է Հայաստանը, որ փորձի մեզ ներքաշել հակամարտության մեջ: ՀՀ դիվանագիտությունն էլ պետք է ջանքեր գործադրի` ավելորդ լարվածության համար հիմքեր չտալու համար: Ես չէի բացառի մեկ այլ նախաձեռնություն, որը կարող է գալ Թուրքիայից` հայ-թուրքական մոռացված արձանագրությունների վերակենդանացման ուղղությամբ: Թուրքիան կարող է գալ այնպիսի մի եզրակացության, որ սկսի նոր մի գործընթաց` արձանագրություններին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ: Նման որոշումը իրապես մարտահրավեր կարող է լինել Հայաստանի համար»:

Հայ հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրած, բայց բազմաթիվ տարակուսանքների տեղիք տված մյուս ակնառու իրադարձությունը Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից զինված հանցավոր խմբի վնասազերծումն էր: Կան կարծիքներ, որ սա կարող էր դրսից կազմակերպված լինել: Բայց առավել ուշագրավ էր այս դեպքի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը. «Մենք ուշադիր հետեւում ենք քաղաքական սպանությունների եւ այլ ահաբեկչական գործողությունների ենթադրյալ դավադրության կազմակերպման մեջ մեղադրվող 21 անձանց ձերբակալությանը: Մեղադրանքներն, այնուամենայնիվ, լուրջ են, եւ Միացյալ Նահանգները հաշվի կառնի Հայաստանի կողմից հետաքննությանը սատարելու խնդրանքները»: Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք` ինչպե՞ս կգնահատի այդ հայտարարությունը, մասնավորապես «Միացյալ Նահանգները հաշվի կառնի Հայաստանի կողմից հետաքննությանը սատարելու խնդրանքները» արտահայտությունը: Վլադիմիր Կարապետյանը դրական գնահատեց բարեկամ պետության ներկայացուցչի հրապարակային հայտնած պատրաստակամությունը` օժանդակելու քննությանը` այն համակողմանի եւ արդար դարձնելու համար. «Վստահ եմ, որ բարեկամ այլ պետություններ նույնպես անմասն չեն մնա, եթե մեր համապատասխան մարմինները դիմեն այս կամ այն տեխնիկական, մեթոդական օժանդակության համար»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031