Շարքային Արմեն Սարգսյանը եղել է ջոկի գնդացրորդ: Ըստ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված գործի նյութերի, նա 2014 թվականի հուլիսի 18-ին նշանակված լինելով զորամասի մարտական դիրքի առաջնագծի դիտակետում՝ ժամը 06:30-ի սահմաններում դիտակետում քնելու կապակցությամբ վիճել էր նույն հերթափոխի դիտորդ, շարքային Գեւորգ Ավագյանի հետ: Վերջինիցս վրեժ լուծելու շարժառիթով, սպանություն կատարելու դիտավորությամբ, Ա. Սարգսյանը գնդացրից կրակահերթ է արձակել Գ. Ավագյանի ուղղությամբ: Գ. Ավագյանը ստացել էր բազմաթիվ հրազենային վնասվածքներ, ինչից մահացել էր:
Երեկ դատավոր Դ. Գրիգորյանի նախագահությամբ նշանակվել էր հերթական դատական նիստը:
Նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Ա. Սարգսյանի պաշտպան Յու.Դանիելյանը հանդես էր եկել «կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին» միջնորդությամբ: Պաշտպանը հայտնել էր, որ նախաքննության ընթացքում նշանակվել է դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Ըստ այդ փորձաքննության եզրակացության. «Արմեն Սարգսյանը նկարագրված հանցավոր արարքը կատարելու պահին չի գտնվել հոգեկան խիստ հուզմունքի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, որը էականորեն կարող էր ազդել նրա գիտակցության եւ գործողությունների վրա»:
Դատարանում արված միջնորդության համաձայն, պաշտպանական կողմի մոտ առկա էր կասկած: Պաշտպանն ասել էր, թե. «Ըստ հոգեբանական վերլուծության, փորձագետը հանգել է նման հետեւության՝ հիմք ընդունելով գործի նյութերը: Մասնավորապես, նա նշում է` գործի նյութերի ուսումնասիրությունից եւ հետազոտվողի հետ անցկացված հոգեբանական հետազոտության արդյունքներից պարզվում է, որ դեպքի կատարման պահին նրա գիտակցությունը չի ենթարկվել որեւիցե խանգարման կամ խախտման, քանի որ նա գիտակցում էր, թե ինչ է կատարում, անգամ դեպքից անմիջապես հետո մտածված չի մոտեցել տուժողին, քանի որ նա լիովին զինված էր եւ «արդեն վրայից ծուխ էր բարձրանում», ու Ա. Սարգսյանը մտածում էր, որ նա կարող է պայթել եւ իրեն վնաս պատճառել: Այնուհետեւ Ա. Սարգսյանը մանրամասն ներկայացնում է հետագա իրավիճակը եւ կատարված գործողությունները: Նշված պնդումները չեն համապատասխանում իրականությանը եւ գործի նյութերին»:
Կարդացեք նաև
Յու.Դանիելյանը նկարագրել էր աֆեկտային հոգեվիճակը, դրա փուլերը, մասնավորապես, նկարագրելով, թե «ֆիզիոլոգիական աֆեկտը սրընթաց կերպով ընթացող կարճատեւ էմոցիոնալ վիճակ է: Այն կարող է տեւել մի քանի րոպե, անգամ վայրկյաններ: Այն առաջանում է ցնցող ապրումներից, անսպասելի ծանր վիրավորանքներից եւ այլն»:
Պաշտպանի միջնորդության համաձայն, ծանր վիրավորանքը կարող է դրսեւորվել անձի պատվին ու արժանապատվությանը կոպիտ կերպով ստորացնող արարքներով, անպարկեշտ պահվածքով եւ նման այլ գործողություններով եւ որ. «Ծանր վիրավորանք հասցնելու եղանակները օրենքով սահմանված չեն, այն կարող է դրսեւորվել գրավոր կամ բանավոր»:
Վկայակոչելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում հնչածը, փաստաբանը նշել էր, թե իր պաշտպանյալի եւ Գ. Ավագյանի միջեւ թշնամական հարաբերություններ չեն եղել, մարտական հերթապահության անցնելու ժամանակ ամեն ինչ եղել բնականոն, իսկ «վրեժխնդիր լինելու հարց չի եղել», ինչպես իրենց ցուցմունքներում պնդել են վկաներից՝ Կ. Հարությունյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Հակոբյանը:
Մինչդեռ, հերթապահության անցնելուց 30 րոպե անց, «Ա. Սարգսյանը սպանում է Գ. Ավագյանին՝ 93 փամփուշտ կրակահերթ արձակելով գնդացրից»:
Սպանությունից հետո, ըստ պաշտպանի, շարքայինը գտնվել է «իրեն չկառավարող վիճակում: Դեպքից հետո վերջինս գտնվում էր շոկային վիճակում եւ չէր կարողանում բացատրել՝ ինչ է պատահել»: Ի դեպ, վաշտի հրամանատար Մ. Մովսիսյանը դատաքննության ժամանակ տված ցուցմունքում հայտնել էր, թե «կրակոցներ լսելուց հետո անմիջապես վազել է դեպի դեպքի վայր եւ լինելով այնտեղ՝ առաջինը տեսել է Ա. Սարգսյանին նստած, ձեռքերով երեսը փակած լաց լինելիս», իսկ վկա համածառայակիցները հայտնել էին, թե Ա. Սարգսյանը դիրքից իջնելով դեպի գետնատնակ՝ դողում էր, ինքն իր հետ խոսում էր. «Ես մարդասպան չեմ»:
Պաշտպանական կողմի կարծիքով, սպանության դրդապատճառը Գ. Ավագյանի կողմից Ա. Սարգսյանի մոր նկատմամբ ծանր վիրավորանք հասցնելն է եղել:
Վկայակոչելով առաջին փորձաքննության եզրակացությունը, պաշտպանն ասել է, թե չեն հետազոտվել մեղադրյալ Ա. Սարգսյանի անցյալ տարվա նոյեմբերի 13-ին տրված ցուցմունքները, որտեղ նա ներկայացրել է իր հոգեբանական վիճակը սպանություն կատարելու ժամանակ եւ դեպքից հետո: Շարքային Սարգսյանը ասել էր, թե «անգիտակցաբար է կրակել» Գ. Ավագյանի ուղղությամբ, կոնկրետ չի հիշել քանի անգամ եւ ինչքան է տեւել այդ ամենը. «Կրակոցի ընթացքում, ըստ Ա. Սարգսյանի, նրա աչքերի դիմաց լրիվ սեւացել էր եւ երբ լույս եկավ աչքերին՝ միայն հիշում էր, որ զենքը ընկած է գետնին»:
Պաշտպանական կողմը, կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակվելու դեպքում, փորձագետին տվել էր հետեւյալ հարցը.
«Արմեն Սարգսյանը հանցանք կատարելու ժամանակ գտնվե՞լ է, արդյոք, հոգեկան խիստ հուզմունքի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում»:
Նկատենք, որ մեղադրող Ա. Պետրոսյանն առարկել է միջնորդության դեմ, նշելով, որ այն անհիմն է եւ ենթակա է մերժման:
Դատախազը հղում էր կատարել «Դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր ամբուլատոր փորձաքննության եզրակացությանը», համաձայն որի՝ Արմեն Սարգսյանը չի տառապում եւ չի տառապել որեւէ հոգեկան հիվանդությամբ, հոգեպես առողջ է, կատարվող արարքի համաձայն, հասկացել է իր գործողությունների փաստացի նշանակությունը, մեղսունակ է: Մեղադրանքը պաշտպանող կողմի համաձայն էլ, Արմեն Սարգսյանն իր հոգեկան վիճակով ներկայումս նույնպես կարող է ճիշտ ընկալել գործի համար կարեւոր հանգամանքները եւ տալ այդ մասին արժանահավատ տեղեկություններ:
Դատարանը, մերժելով պաշտպանի միջնորդությունը, փաստել էր, որ փորձաքննությունը կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան, փորձագետի եզրակացությունը բավականաչափ պարզ եւ լրիվ է, փորձագետների միջեւ տարաձայնություններ առկա չեն:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.12..2015