Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետախուզման մեջ գտնվողը պայմանագի՞ր է կնքել պետության հետ

Դեկտեմբեր 05,2015 13:00

Մարզահամերգային համալիրի հեղինակներն
արձագանքում են նոր սեփականատիրոջ «դատված» լինելուն

Այս տարվա օգոստոսի 13-ին 30 միլիոն դոլարով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը օտարվեց, ընդ որում՝ գնորդն էլ ընդամենը մի քանի ամիս առաջ գրանցված «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն էր, որը պետք է չորս տարվա ընթացքում շուրջ 1 միլիարդ դոլարի ներդրում անի: Iravaban.net-ի տվյալներով, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրացման ռեգիստրում որպես «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերության հիմնադիր նշված է ոմն Արմեն Գեւորգյան, սակայն ընկերության միակ սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Վահագն Դինո Ավադիսյանն է: Անշարժ գույքի առուվաճառքի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրի համաձայն, վաճառողը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն է, որի լիազորված անձ է հանդես եկել Արայիկ Թորգոմյանը, իսկ մյուս կողմը՝ Վահագն Դինո Ավադիսյանը: Ստացվում է, որ այս տարվա սեպտեմբերի 1-ին հետախուզման մեջ գտնվող այս անձը գտնվել է Երեւանում եւ առուվաճառքի պայմանագիր է կնքել պետության հետ:
Iravaban.am-ը հղում անելով ինտերնետային աղբյուրներին, ապա ԱՄՆ Ալաբամայի անվտանգության կոմիտեի հատուկ գործակալ Մայքլ Վիլկերսոնին, նշել էր, որ համալիրի նոր սեփականատերը ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվելու համար ձերբակալված է եղել, Վահագն Դինո Ավադիսյանը նաեւ հետախուզվել է Ալաբամայի իրավապահների կողմից:

«Առավոտը» ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից հետաքրքրվեց՝ արդյոք Մարզահամերգային համալիրը ֆինանսական խարդախությունների մեջ մեղադրվող մարդուն վաճառելը չի՞ ստվերում գործարքի օրինականությունը, կամ ինչո՞ւ է կառավարության օգոստոսի 13-ի 935-Ա որոշմամբ՝ 60 միլիոն դոլար գնահատված անշարժ գույքն օտարվել կես գնով, եւ ինչպես է հետախուզման մեջ գտնվող անձը վճարել այդ 30 միլիոն դոլարը: Մեզ հուզում էր նաեւ այն հարցը, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում համալիրին այս ամենից հետո:

Պետական գույքի կառավարման վարչության լրատվականից հայտնեցին, որ այս հարցերն իրենց դաշտից դուրս են, ինչ վերաբերում է անշարժ գույքի օտարման գնին, այն որոշվել է իրենց վարչության «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից:

Մշակույթի նախարարության լրատվականից էլ «Առավոտին» հետեւյալը հայտնեցին. «Ի պատասխան Ձեր հարցմանը՝ տեղեկացնում ենք, որ ներկայացված հարցադրումները մշակույթի նախարարության իրավասություններից դուրս են:

Ելնելով այն հանգամանքից, որ Մարզահամերգային համալիրը հանդիսանում է պատմամշակութային հուշարձան, յուրաքանչյուր գործընթացի պարագայում, նախ եւ առաջ հաշվի կառնվի հուշարձանի պաշտպանության շահերը»:

Ճանաչված քանդակագործ, համալիրի բարձրաքանդակի հեղինակ Ֆերդինանտ Առաքելյանը տարակուսած է եւ մտահոգ համալիրի ճակատագրով. «Ճիշտն ասած՝ չգիտեմ` գնորդը ով է, ինչ է, բայց եթե ասում են՝ խարդախության մեջ է խառնված, ապա ինչպե՞ս կարելի է նրան վստահել համալիրը, այստեղ էլ խարդախ բան կանի:
Անկեղծ ասած, ինձ համար հանելուկ է, թե էդ մարդը ինչպես է հայտնվել այստեղ եւ ինչ գումարով է եկել, ինչպես է գնել, կամ գնելու դեպքում ինչ պայմանագիր է կնքնվել՝ որ համալիրում որեւէ բան չի՞ փոփոխվելու, թե՞ նրա հետ կպատահի այն, ինչ եղավ Երիտասարդական պալատի հետ: Պայմանագրի մեջ պետք է ամրագրվի, որ համալիրի մեջ եւ արտաքինից, եւ ներքինից ոչինչ չպետք է խախտվի, թե չէ կարող են վերցնել՝ ասել մեր սեփականությունն է, ուրեմն ապակիներն էլ կարող ենք հանել, ծախել»:

Համալիրի ճարտարապետներից Հրաչյա Պողոսյանը «Առավոտի» հետ զրույցում չցանկացավ մեկնաբանություններ անել, ասում է՝ վստահ չէ, որ Վահագն Դինո Ավադիսյանի մասին տեղեկությունները ճիշտ են. «Չխախտենք մարդու անմեղության կանխավարկածը»: Նա համալիրը օտարելու կառավարության քայլին էլ նորմալ է վերաբերվում, ասում է՝ եթե պետությունը փող չունի համալիրը պահելու, ապա պետք է մասնավոր գնորդ գտնվեր, որը ներդրումներ կկատարեր, իսկ համալիրն ունի ներդրումների կարիք: Մեր հարցին՝ իսկ մտավախություն չունի՞, որ Մարզահամերգային համալիրի հետ կպատահի նույնը, ինչ եղավ Երիտասարդության պալատի հետ: «Այ, դա շատ վատ կլինի, Աստված չանի»,-պատասխանեց ճարտարապետը:

Հիշեցնենք, որ համալիրի մյուս ճարտարապետը՝ Սաշուր Քալաշյանն էլ համալիրի «պատմության» մասին ասել էր, թե կոմեդիայի ժանրից է. «Եթե կառավարությունը որոշում է առանց որեւէ մեկին հարցնելու վաճառել համալիրը, օրենքի պահանջները չկատարելով որոշում է կայացնում՝ ինչ-որ մի մարդու առանց աճուրդի վաճառել այդ օբյեկտը, հետո պարզվում է՝ այդ մարդը ինչ-ինչ բաների մեջ է, ուրեմն կոմեդիայի ժանրից է այս պատմությունը»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Պատրաստ ենք տպագրել նաեւ խնդրի առնչությամբ ԱՄՆ քաղաքացի Վահագն Դինո Ավադիսյանի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ
04.12..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031