Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի
գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը «Առավոտի» խնդրանքով ամփոփել է մրցաշրջան 2015-ը:
Մրցաշրջան 2015-ը մեր տղաների համար շատ հաջող էր, ես կասեի՝ անգամ սպասվածից ավելի: Մեր առաջին պաշտոնական մրցումը եղել է աշխարհի գավաթը մարտ ամսի վերջին՝ Դոհայում, որին մասնակցելով չորս մարմնամարզիկով, նվաճել ենք 2 ոսկե (Հարություն Մերդինյան՝ նժույգթափեր եւ Արթուր Դավթյան՝ հենացատկ) եւ 1-ական արծաթե (Արթուր Թովմասյան) եւ բրոնզե մեդալ (Արթուր Դավթյան, նժույգթափ): Սա գրեթե 100 տոկոսանոց արդյունք է:
Դրան հաջորդեց Եվրոպայի առաջնությունն ապրիլին՝ Մոնպեյեում: Մասնակցել ենք հինգ հոգով, որից չորսը մտել են եզրափակիչ: Այստեղ էլ Հարություն Մերդինյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Նման ցուցանիշ նորանկախ Հայաստանում դեռ երբեք չէր եղել: Իսկ Արթուր Թովմասյանն ու Վահագ Դավթյանը օղակների վրա զբաղեցրին, համապատասխանաբար, 5-րդ եւ 6-րդ տեղերը: Հինգ մասնակցից չորսի եզրափակչում հայտնվելը նույնպես շատ բարձր արդյունք է: Այնուհետեւ եկավ Համաշխարհային ունիվերսիադան, որին մասնակցելու էինք առաջին անգամ: Ֆինանսական որոշակի խնդիրների պատճառով մրցավայր գործուղեցինք միայն Արթուր Թովմասյանին: Ինչո՞ւ հենց նրան, քանի որ Արթուրը Հայաստանում ու Եվրոպայում օղակների վրա պարտվել էր Վահագ Դավթյանին: Եվ քանի որ աշխարհի առաջնությունում հանդես էր գալու Վահագը, որոշեցինք ուղարկել Արթուրին: Եվ նա լիովին արդարացրեց իրեն: Նախնական փուլում ամենաբարձր արդյունքներով մտնելով եզրափակիչ՝ նա այնտեղ էլ նույնը արեց ու արժանիորեն օղակների վրա վարժությունում դարձավ ուսանողական խաղերի չեմպիոն:
Տարվա գլխավոր մեկնարկը ոչ միայն մեր, այլեւ բոլոր երկրների համար, Գլազգոյում կայացած աշխարհի առաջնությունն էր, որտեղ խաղարկվում էին Ռիոյի վարկանիշային ուղեգրեր: Աշխարհի բոլոր ուժեղագույններն էին օլիմպիական այս ցիկլում նախապատրաստվում աշխարհի առաջնությանը: Մենք թիմային պայքարին մասնակցելու իրավունք չունեինք:
Մեկնեցինք երեք մարմնամարզիկով. Արթուր Դավթյան՝ բազմամարտ, Հարություն Մերդինյան՝ նժույգթափ եւ Վահագ Դավթյան՝ օղակներ: Գրեթե վստահ էինք, որ Արթուր Դավթյանը կմտնի եզրափակիչ եւ եկող տարվա գարնանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք «Թեստ Էվըն»-ում օլիմպիական ուղեգիր կնվաճի: Բայց աշխարհի առաջնություն մեկնելուց առաջ Արթուրի մոտ առողջական որոշակի խնդիրներ առաջացան: Փառք Աստծո, ամեն բան որոշ չափով կարգավորվեց ու նա մեկնեց Գլազգո: Քանի որ նա դեռ Երեւանում յոթ օր չէր մարզվել, մի քանի օր էլ մրցավայրում, ես ստիպված եղա նրա վարժությունների ծրագրում որոշակի փոփոխություններ կատարել դեպի պարզեցում, որպեսզի տարրերը հստակ ու մաքուր կատարի: Ու ի պատիվ իրեն, Արթուրը իր ամենալավ մրցելույթներն ունեցավ՝ ցույց տալով երկրորդ արդյունքը: Մեր մյուս տղաներն էլ գերազանց հանդես եկան, իսկ Հարություն Մերդինյանը ճանաչվեց օղակների վրա վարժության աշխարհի բրոնզե մեդալակիր: Այսպիսի արդյունք նույնպես դեռ երբեք չէինք ունեցել: Այսպիսով, Հարություն Մերդինյանը Ռիոյի ուղեգիր արդեն նվաճել է, իսկ Հարություն Դավթյանը եկող տարի օլիմպիական խաղերի մայրաքաղաքում կայանալիք թեստային վերջին մրցումում նույնպես վարկանիշ նվաճելու անչափ մեծ շանսեր ունի: Միայն, Աստված մի արասցե, արտակարգ ինչ-որ բան պիտի լինի, որ նա զրկվի Բրազիլիա մեկնելու հնարավորությունից: Վահագը նույնպես իր թիմակիցների նվաճմանը մոտ էր, բայց վերջին մոտեցման ժամանակ մի աննշան քայլի պատճառով չկարողացավ: Այդուհանդերձ, եզրափակչում նրա 7-րդ տեղն էլ շատ մեծ նվաճում է: Պարզապես Հարությունի մեդալը մի տեսակ ստվերել է նրա արդյունքը: Պատկերացրեք, որ աշխարհի առաջնությանը մասնակցում ես երեք հոգով ու հողագնդի բոլոր ուժեղագույն մարմնամարզիկների հետ պայքարում երեքն էլ մտնում են եզրափակիչ՝ ութ լավագույնների մեջ ու արժանանում «Համաշխարհային մարմնամարզիկ» կոչմանը: Դա նշանակում է, որ բոլորն էլ միմյանց հավասար մարզիկներ են:
Կարդացեք նաև
Թեեւ ես տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն եմ, բայց գովեստի խոսքեր չեմ կարող չասել կանանց հավաքականի անդամ, ամերիկաբնակ Հուռի Գեբեշյանի մասին, որը նույնպես եկող տարի թեստային մրցումներին մասնակցելու իրավունք է նվաճել ու գրեթե 100 տոկոսով մեր մարմնամարզության ընդհանուր հավաքականի հաշվարկին երրորդ օլիմպիական ուղեգիրը բերելու բացառիկ շանս ունի:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.12..2015