Թարմ հյութերն անկասկած չափազանց օգտակար են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար։ Մնում է միայն ճշտել, թե նորածին երեխային երբ է ցանկալի տալ թարմ հյութեր եւ ինչ քանակներով։ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի հայտարարությունում ասվում է, որ մինչեւ 6 ամսական նորածիններին չպետք է տրվի որեւէ հյութ, 6 ամսականից մինչեւ 6 տարեկան երեխան պետք է ստանա օրական ոչ ավելի, քան 120-180 միլիգրամ հյութ, 7 տարեկանից բարձր երեխաները` ոչ ավելի, քան 240-360 միլիգրամ: Ըստ Ավստրալիայի կառավարության ազգային առողջապահության եւ բժշկական հետազոտական խորհրդի՝ ասվում է, որ մրգային հյութ անհրաժեշտ չէ կամ խորհուրդ չի տրվում 12 ամսականից փոքր երեխաներին: Քաղցրացված ըմպելիքներն առաջացնում են կարիես: Սովորական թեյը, բուսական թեյերը եւ այլ ըմպելիքները հայտնի չեն երեխային տրվող իրենց օգուտով եւ կարող են վնասակար լինել:
Vse-pro-detey.ru-ն նշում է, որ շատ մասնագետներ արգելում են երեխաներին մինչեւ 1 տարեկանը որեւէ հյութ տալ, քանի որ այն կարող է առաջացնել ստամոքսի ոչ նորմալ աշխատանք: Կարող է նաեւ հետագա ալերգիաների աղբյուր դառնալ, կամ պատճառ հանդիսանալ սննդակարգի խախտման, քանի որ մրգերի հյութը նաեւ պարունակում է մեծ քանակության շաքարային մաս, երեխաները սովորում են այդ քաղցրին եւ չեն կարողանում հետագայում յուրացնել շիլաները եւ ապուրները:
Կայքում գրվում է, որ 3 ամսականից որոշ մայրեր խնձորի հյութ են տալիս, որ բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ, իսկ իրականում երկաթը երեխայի օրգանիզմում դժվար է յուրացվում: 4 ամսականից սկսած՝ փոքրիկի ենթաստամոքսային գեղձը արտադրում է ֆերմենտներ, որոնք կարող են ավելի բարդ նյութեր յուրացնել, քան կրծքի կաթը: Ուստի մանկաբույժների մեծ մասը խորհուրդ է տալիս 8-9 ամսականում սկսել խնձորի հյութ տալ եւ նույնիսկ կերակրել խնձորի խյուսով. մանկաբույժների մի մեծ մասը գտնում է, որ սա ամենալավ տարիքն է փոքրիկի սննդակարգի մեջ խնձորն ավելացնելու համար:
Կարդացեք նաև
Վիտալի Ասլանյանի հրատարակած «Հյութաբուժություն» գրքի մեջ էլ նշվում է, որ, եթե երեխան արհեստական կաթով է սնվում կամ հիվանդություններ ունի (ռախիտ, սակավարյունություն, աճի կանգ), պետք է թարմ հյութեր տալ 4-շաբաթականից, մրգային քերվածքները` 2-3 ամսականից։ Իսկ եթե մայրական կաթը նորածնի համար բավարար է, հյութեր պետք է տալ 5-շաբաթականից ոչ շուտ։
Հյութն սկսել տակ 30 մլ-ից (օրը 2 անգամ) եւ ամեն շաբաթ ավելացնել 10 միլիգրամով` 1 տարեկանում չանցնելով 100 միլիգրամը՝ յուրաքանչյուր կերակրման ժամանակ։
Հյութի օգտագործումը պետք է սկսել մի քանի կաթիլից` ջրի հետ խառնելով, եւ տեսնելով, որ ալերգիկ երեւույթ չկա, կամաց-կամաց ավելացնել։ Հյութերի ընտրության դեպքում պետք է առաջնորդվել նրանց հատկություններով` ո՞ր դեպքում տալ փորն ամրացնող կամ թուլացնող, միզամո՞ւղ, թե՞ քրտնամուղ, չեզո՞ք (ինչպես խնձորինն է), թե՞ գրգռող, տոնուսավորող (նուռ) հյութեր։
Վաղ հասակում ձեր երեխան, «ուտել-խմելու» բնազդական առողջ ճաշակ ձեռք բերելով, ինչպիսիք են թարմ հյութերով ու մրգերի թարմ խյուսով սնվելը, ամբողջ կյանքում ֆիզիկական հակակրանք կզգա սխալ սննդակարգերի, հիվանդաբեր կոլա-ֆանտայական խմիչքների նկատմամբ ու կձգտի այն առողջ, մաքուր, բուժիչ, օգտակար սննդակարգին, ինչը իր կյանքի արշալույսին ստացել է մայրական կաթի հետ` թարմ հյութեր ու մրգեր, որոնք իսկապես միակ առողջ սնունդն են հանդիսանում` ի տարբերություն այդ անվան տակ ամեն օր մեզ հրամցվող ռեկլամային «առողջ սնունդների» ու մեզ «թառամել չթողնող» խմիչքների։
Վաղ հասակի երեխայի սննդաբաժնում թեյի քանակը պետք է շատ սահմանափակ լինի, քանի որ տանինի մեծ քանակությունը նվազեցնում է սննդարար նյութերի ներծծման պրոցեսը։
Վաղ հասակի երեխայի սննդաբաժինը պետք է հարուստ լինի թարմ մթերքներով եւ ընդհակառակը` բացակայեն խտացված, պահածոյացված, ծխահարման ենթարկված մթերքները (չիպս, բուլյոնային խորանարդիկներ, խտացված սուպեր)։ Թարմ, պարզ ու բազմազան մթերքներն առողջ երեխա մեծացնելու գրավականն են։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.12..2015