Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում էր օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Անդրադառնալով կատարված աշխատանքի արդյունքներին՝ նա առանձնացրեց մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են բուն հանրաքվեի օրը ոստիկանության ծառայության կազմակերպմանը:
Մասնավորապես նշվեց, որ ընտրատեղամասերի տարածքում ծառայության պատրաստվող վերակարգերին հրահանգվել է գործել «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» պահանջների շրջանակում, բացառել կուտակումները ընտրատեղամասի մոտակայքում, օգնել սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող քաղաքացիներին:
Հունան Պողոսյանը հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանքը զանգվածային լրատվության միջոցների հետ՝ իրականացնելով հրապարակումների մշտադիտարկում, օպերատիվ արձագանքելով ահազանգերին, համագործակցելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, իսկ արտաքին ծառայությունների պատասխանատուներին հրահանգեց, ի կատարումն ոստիկանության պետի հանձնարարականի, հանրաքվեի օրը օժանդակել լրագրողների մասնագիտական պարտականությունների անխոչընդոտ իրականացմանը:
Կարդացեք նաև
Արձանագրվեց, որ ընտրացուցակների ճշգրտման աշխատանքներն արդեն ավարտվել են, սակայն կազմակերպչական միջոցառումներն այդ ոլորտում շարունակական են: Մասնավորապես, անձնագրային ծառայությունները քաղաքացիներին սպասարկելու են նաև դեկտեմբերի 5-ին և 6-ին, համապատասխանաբար՝ ժամը 10-ից 18-ը և ժամը 8-ից մինչև քվեարկության ավարտը:
Հունան Պողոսյանը հանձնարարեց ամեն կերպ աջակցել քաղաքացիներին իրենց ընտրական իրավունքն իրացնելու գործում, իսկ իրավական հարցերով պատասխանատուներին հրահանգեց նրանց ցուցաբերել լիարժեք իրավական օժանդակություն:
Ամփոփելով կազմակերպչական խնդիրները՝ Հունան Պողոսյանը նշեց, որ ոստիկանությունում գործարկվել է բազմուղի «Թեժ գիծ»՝ 010-54-69-12 և 010-54-69-14 հեռախոսահամարներով:
Միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները կարող են զանգահարել 010-52-42-28, ԱՊՀ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչները՝ 010-57-31-39 հեռախոսահամարներով: Կգործեն անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուների թարգմանիչներ:
ՀՀ Ոստիկանություն