Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը դեկտեմբերի 4-ին արտահերթ նիստ էր գումարել: Նիստի ընթացքում քննվեց «Չեք անցկացնի» նախաձեռնության դիմումը Հանրային ռադիոյի եւ Հանրային հեռուստատեսության եթերաժամերից օգտվելու հնարավորություն տրամադրել նախաձեռնությանը:
Սակայն, ինքը՝ Արշակ Մուսախանյանը նիստին չէր ներկայացրել, Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ նա պատշաճ ծանուցված է եղել:
Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց որոշման նախագիծը, ըստ որի առաջարկում էր մերժել դիմումը:
«Օրենքի պահանջներից ակնհայտ է, որ նշված իրավունքներից կարող է օգտվել բացառապես օրենքի սահմանված կարգով ստեղծված եւ գրանցված իրավաբանական անձը, որպիսին չի հանդիսանում դիմումատուի վկայակոչած միավորումը: Քանզի «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միավորումը պետական գրանցման արդյունքում է հանդես գալիս որպես հասարակական կազմակերպություն:
Կարդացեք նաև
Նշվածից ակնհայտ է, որ դիմումատուն իր կարգավիճակով զրկված է հասարակական կազմակերպությունների համար սահմանված իրավունքների իրականացումից ընդհանրապես: Այդուհանդերձ Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը գտնում է, որ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Հանրային հեռուստատեսության եւ Հանրային ռադիոյի եթերաժամից վճարովի եւ անվճար հիմունքներով օգտվելու իրավունք ունեն հատուկ իրավասուբյեկտությամբ օժտված սուբյեկտները»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի բոլոր 7 անդամները կողմ քվեարկեցին առաջարկվող նախագծին, որոշումն ընդունվեց:
Նիստի ավարտին Տիգրան Մուկուչյանը հայտարարեց. «Դիմումատուի անունով՝ որպես քաղաքացի, կամ դիմումատուի վկայակոչած նախաձեռնության անունով մեր ստացած վերջին տեղեկատվությունը, որը մենք ստացել ամփոփել ենք տեղեկանքով, ըստ էության, քարոզչության հիմնադրամ ունեցող սուբյեկտներում նման սուբյեկտ նշված չէ: Բայց նույնիսկ օրենքների պահանջների համաձայն, եթե մենք դիտարկում ենք Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի եթերաժամ տրամադրելու մասին «Հանրաքվեի մասին» օրենքի կանոնակարգումները, ապա այնտեղ շատ հստակ են ամրագրված, որ վերջիններս այդ վճարումները կատարում են այդ եթերաժամից օգտվելու իրենց հիմնադրամի միջոցներից:
Բացի դրանից՝ հարկ է նկատել, որ մենք դիմումը ստացել ենք երեկ ժամը 17:27-ին, որից հետո հանձնաժողովը, ըստ էության, 24 ժամվա ռեժիմով քննում է նշված դիմումը, եւ փաստորեն ակնհայտ է, նույնիսկ դիմումը ներկայացնելու պարագայում, որ դիմումի վերաբերյալ համապատասխան որոշում, նախագիծ մշակելու համար անհրաժեշտ է, բնականաբար, որոշակի ժամանակահատված: Եվ շատ ուշագրավ է, որ այդ դիմումը ներկայացվում է քարոզչության թերեւս ավարտից մեկ օր առաջ, որովհետեւ այսօր քարոզչության վերջին օրն է, եւ վաղվանից սկզբունքորեն քարոզչությունը ավարտվում է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ