Ինչպես տեղեկացրել ենք, կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ին, Գյումրիում էր ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը, որը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ մասնակցեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանդիսավոր երեկոյի ավարտին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը բեմ բարձրացավ ու վարչապետին խնդրեց լուծել Մհեր Մկրտչյանի անվան նորակառույց փոքր դահլիճի լուսային տեխնիկայի ձեռք բերման հարցը: «Կօգնե՞ք մեզ»,- հարցրեց մարզպետը, որին Հովիկ Աբրահամյանը բարձր ձայնով արձագանքեց՝ «Այոոոո»:
Հեռանալուց 5 օրը չանցած՝ վարչապետը կատարեց իր խոստումը: «ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի նիստում որոշում է կայացվել կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի լուսային տեխնիկայի ձեռք բերման ու բեմի հատակի հիմնանորոգման համար: Գումար կհատկացվի նաեւ Երեւանի կամերային թատրոնի տեխնիկական վերազինման նպատակով»,- այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեսբուքյան էջից:
Անկախ այն հանգամանքից, որ վարչապետը հանրաքվեին ընդառաջ անմիջապես լուծեց այս խնդիրը, Գյումրու թատրոնում գտնում են, որ նա տղամարդավարի կատարեց իր խոստումը. սա, ըստ նրանց, մեծ օգնություն է թատրոնին. Մհեր Մկրտչյանի անվան դահլիճն ավարտին հասցնելը պատվի ու թասիբի հարց է աճեմյանցիների համար:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ