«Անդառնալի կորուստ է Արցախի ժողովրդի համար, բոլորը սգում են, հատկապես այս օրերին ցանկացած զոհ մեզ համար անդառնալի կորուստ է: Մյուս կողմից էլ մեր զինվորները ցույց են տվել ու ցույց են տալիս, որ ամուր կանգնած են հայրենի սահմանների պահպանման համար»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով դեկտեմբերի 4-ին ադրբեջանական դիվերսիոն գործությունների հետեւանքով զոհված ՊԲ զինծառայող Էրիկ Գրիգորյանի մահվան դեպքին:
Ուշագրավ է, որ ադրբեջանական դիվերսիոն գործողությունները կատարվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ դեկտեմբերի 3-ին կատարած հայտարարության հաջորդ օրը:
Հիշեցնենք, որ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներն ասել են՝ «Շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին այս տարի բռնությունների նկատելի աճի պարագայում, ստատուս քվոն դարձել է անկայուն. «Մենք հատկապես դատապարտում ենք ականանետերի եւ այլ ծանր զինատեսակների օգտագործում եւ ցավ ենք հայտնում քաղաքացիական կորուստների համար, որոնք այդ զենքերի պատճառով են եղել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա եւ չկա արդարացում քաղաքացիականների շրջանում զոհերի եւ վիրավորների համար: Մենք դիմում ենք կողմերին, որ բոլոր հնարավոր միջոցներով նվազեցնեն լարվածությունը եւ պաշտպանեն մարդկանց: Համանախագահներն առաջարկել են ռիսկի նվազեցման միջոցներ, որոնք, կոչ ենք անում կողմերին, որ ընդունեն դրանք եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմը»:
Այս հայտարարությանն անմիջապես հաջորդած ադրբեջանական դիվերսիոն քայլը Դավիթ Բաբայանը որակեց ահաբեկչություն: Բաբայանի խոսքերով՝ «Այն ինչ կատարում է Ադրբեջանը, կարելի է որակել ահաբեկչություն, ցեղասպան քաղաքականություն, եւ զինադադարի ռեժիմի խախտման այս դեպքը ունի յուրահատկություններ: Նախ՝ այն կատարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած այդ հայտարարության գրեթե հաջորդ օրը. սա մարտահրավեր էր ուղղված քաղաքակիրթ աշխարհին, մարտահրավեր՝ եռանախագահությանը, որն ասում է՝ պետք է լինի խաղաղ կարգավորում: Իսկ պաշտոնական Բաքուն նրանց կոչին պատասխանում է պարզապես ահաբեկչութամբ»:
Մյուս յուրահատկությունն, ըստ Բաբայանի, այն է, որ այդ ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել Թուրքիայի վարչապետի Ադրբեջանում գտնվելու ժամանակ. «Սա խորհրդանշական է, որովհետեւ Թուրքիան չի էլ թաքցնում, որ վարում է ահաբեկչական քաղաքականություն հայության նկատմամբ: Այնտեղ Դավութօղլուն, մինչ այդ Չավուշօղլուն, մնացած «օղլուներն էլ»՝ բոլորը հայտարարել են՝ «Արցախը Ադրբեջանի հողն է, պետք է հողերն ազատագրենք», այսպիսի անհեթեեթ հայտարարություններ են արել: Հիմա, չի բացառվում, ավելի ճիշտ, օրինաչափություն է, որ հենց Թուրքիան էլ հորդորել է Ադրբեջանին նման գործողության դիմել: Սա խայտառակություն է, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե Թուրքիան ինչ է իրենից ներկայացնում»:
Մեր այն դիտարկմանը, որ ադրբեջանական այդ գործողությունները տեղի են ունենում Սարգսյան-Ալիեւ նախատեսվող հանդիպումից առաջ, այս հանդիպումը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, պարոն Բաբայանն ասաց. «Ադրբեջանը եւ Թուրքիան, փաստորեն, ինչ-որ առումով, ապտակում են միջազգային հանրությանը, որեւէ ողջամիտ բացատրություն անհնար է գտնել, որովհետեւ այն ինչ անում են նրանք, առաջին հերթին դեմ է իրենց ազգային շահերին: Ըստ երեւույթին, ազգային շահերի մասին այնտեղ մտածող չկա: Բոլորը մտածում են անձնական շահերի, բիզնեսի մասին: Նույն Թուրքիան ահաբեկիչների հետ շատ լավ էլ առեւտուր է անում, եւ իրենց նախագահի ընտանիքն է դրանից օգտվում, Թուրքիան ահաբեկիչներ՝ գորշ գայլերին էր ուղարկում Արցախի դեմ պատերազմելու, թուրքական գլխավոր շտաբի գեներալներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցել են Արցախի դեմ պատերազմին, մինչեւ հիմա էլ վարժում են ադրբեջանական բանակը: Սրանք փաստեր են, որոնց վրա, կարծում եմ, միջազգային հանրությունն այլեւս չպետք է աչք փակի»:
Այսինքն, Ադրբեջանը թքա՞ծ ունի, արհամարհո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների վրա, մեր այս դիտարկմանը, Բաբայանն ասաց. «Ե՛վ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան, եւ այս անգամ, այո, կարելի է այդ բառերն օգտագործել»:
Հիշեցնենք, որ բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, ինչպես տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 3-ին եւ լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /197 արկ/, 82 /43 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /14 արկ/, ՌԳՊ-7 /1 արկ/ նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից /4 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
իսկապէս, կապը չէ՞ք նկատում ռազմաճակատի այս եղերական դէպքին եւ Երեւանի «յեղափոխական» իրարանցումին միջեւ…
մինչդեռ ամէն անգամ, նոյն բանն է պատահում
ստուգեցէք թուականները