Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ այսօր նույնպես անդրադարձավ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին:
«Ասում է՝ երբեք չէր նախաձեռնի սահմանադրական փոփոխությունները, եթե երկրում հաստատված լիներ լիակատար նախագահական կառավարման ձեւը: Բա ինչու էր Սերժ Սարգսյանը, լինելով պետության երկրորդ դեմքը, այսպես ասած, գորշ կարդինալը, 2000 թվականին պաշտպանում իրականացվող սահմանադրական փոփոխությունները, ինչու էին ՀՀԿ ղեկավարները պատճառաբանում, որ անհրաժեշտ է այդ փոփոխությունը, որ հակակշիռների, զսպումների մեխանիզմն ապահովվի: Ինչու այն ժամանակ չէին ասում, որ կողմնակից չեն հակակշիռների, զսպումների այդ մեխանիզմներին»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Հմայակ Հովհաննիսյանը ամփոփեց իր խոսքը՝ «Ոչ հանցավոր ռեժիմին, ոչ սահմանադրությանը» ասելով:
Քաղաքացիներն էլ բղավեցին՝ ոչ սերժականներին:
Կարդացեք նաև
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նույնպես չշրջանցեց Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը. « Իշխանական համակարգում՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ոչ միայն հիշողությունն են կորցրել, այլեւ իրական Հայաստանի հետ կապ չունեն, հիմնական կապը իրենց դղյակներն են: Սերժ Սարգսյանը խոսում է կուսակցության մասին, ասում է՝ կուսակցությունների քանակով առաջին տեղում ենք, էդ իրենք ըստ անհրաժեշտության չե՞ն ստեղծել: Այդ հարցազրույցի ժամանակ հարց է հնչում՝ Ինչպես ընդդիմադիր կուսակցությունները կայանան, երբ ֆինանսավորման խնդիր ունեն: Իսկ Սերժ Սարգսյանը պատասխանում է ՝բա ոնց ենք մենք անում, քրտնաջան աշխատում ենք, այդ աշխատանքը թալա՞նն է: Այն ժամանակ Աշոտ Նավասարդյանի ՀՀԿ գրասենյակը այստեղ էր՝ մեր դիմաց, հիմա, որ այդ դղյակը կառուցել եք, ի՞նչ միջոցներով եք կառուցել, ֆինանսական միջոցներն ու աղբյուրները հրապարակեք»:
Վերջում էլ հավելեց, որ մեզ տրված է հնարավորություն, եւ ընտրության օրը ժողովուրդը պետք է հավաքվի Ազատության հրապարակում, եթե չի ուզում՝ տասնամյակներով ապրեն այսպիսի Հայաստանում: Ըստ նրա, եթե դեկտեմբերի վեցին համախմբում չլինի, ուրեմն արժանի ենք այս իշխանությանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ