Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահան Թումասյան. «Դատապարտված ու պլեն ընկած մարդիկ ավելի լավ են ապրում, քան գյումրեցիները». (Տեսանյութ)

Դեկտեմբեր 04,2015 19:07

1988 թվականի աղետալի երկրաշարժից 27 տարի է անցել, սակայն Գյումրում դեռ 3 հազար տնակներ կան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց հանրապետության երկրորդ քաղաքի սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» Հ/Կ նախագահ Վահան Թումասյանը: Ըստ նրա, կան նաեւ տասնյակ ընտանիքներ, որոնք բնակվում են նախկին գործարանային հանրակացարաններում կամ կիսափլված շենք-շինություններում: Նրանք ապրում են ծանր՝ զուրկ կոմունալ-կենցաղային պայմաններից:

«Այս ամբողջը միասին վերցրած, եթե հաշվենք մոտ 2700 ընտանիքի խնդիր կա, որոնց կեսը ահավոր սարսափելի պայմաններում է բնակվում, եթե մի մասը կարողացել է ասենք որոշակի տանելի պայմաններ ստեղծել իրենց ժամանակավոր կացարաններում, մյուսներ չգիտեմ… Փողոցում ապրելն ավելի հեշտ է, ավելի հիգիենիկ է, ավելի մաքուր է, քան վագոն-տնակներում»:

Ըստ մեր զրուցակցի, Գյումրիում գնալով բարդանում է անօթեւանության խնդիրը, քանի որ այն հազար ու մի տեսակի ծագումնաբանություն ունի. այսօր անօթեւան են ոչ միայն երկրաշարժից անտուն մնացած գյումրեցիները, այլ կան մյուս մարզերից Գյումրի տեղափոխված ու տնակներում ապրող մարդիկ: Տնակներում բնակվում են նաեւ բնակարաններ ստացած ու վաճառած, բազմանդամ կիսված ընտանիքներ, այսինքն` կեսը տեղափոխվել է նոր ստացած բնակարան, մյուս կեսը դեռ տնակում է: Վահան Թումասյանի կարծիքով, պետք է հաշվառում անցկացնել ու առաջին հերթին որոշել, թե ո՞րն է ծագումնաբանությունը ու հետո համապատասխան մոտեցումներ ցուցաբերել:

«Եթե մարդը բնակարանների գնման վկայագիր է ստացել, սակայն չի կարողացել բնակարան ձեռք բերել, նաեւ իր մեղքն է, որ ինքն անօթեւան է, բայց մարդուն այդպիսի ծանր պայմաններում թողնել, դա չգիտեմ…Դա նաեւ մարդու իրավունքների առումով վիճահարույց խնդիր է: Եթե մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները գան, ամենախաթարված մարդու իրավունքները ոչ թե բանտերում կամ չգիտեմ քաղաքական ամբիոններում է, կուսակցություններում կամ ընտրություններում, այլ տնակային ավաններում: Չի կարելի նման պայմաններում մարդուն պահել, նույնիսկ բանտում դատապարտված մարդուն կամ պլեն ընկած մարդուն էդ վիճակում պահելու իրավունք չունենք», -ասում է Վահան Թումասյանը:

Ըստ նրա, խնդիրը պետք է լուծել անհապաղ ու տարբեր ուղղություններով, օրինակ՝ եթե մարդը հնարավորություն ունի, պետք է անվճար հողամաս տրամադրել, որ իր տունը կառուցի, մյուսին պետք է սոցիալական բնակարան տրամադրել: Եթե ընտանիքը բնակարան է ստացել, բայց դեռ բնակվում է տնակում, պետք է ստիպել, որ տեղափոխվի բնակարան, երեխաներին սոսկալի պայմաններից հանի:

Մյուս տարբերակը համայն հայությանը ներգրավելն է, մարաթոններ կազմակերպելու միջոցով խնդիրը լուծելն է, պետական ու տեղական միջոցներից գումար հատկացնելը: «Սա պիտի լինի համահայկական խնդիր, Հայաստանի իշխանություն, գործարարներ, չգիտեմ.. Համատեղ պետք է կարողանան խնդիրը լուծել»:

Հարցին՝ եթե կառավարությունը ծախսերը կրճատի, օրինակ՝ ծառայողական մեքենաների թիվը չավելացնի, մի բան էլ պակասեցնի, ինչքա՞ն ժամանակում կկարողանա լուծել անօթեւանության խնդիրը, մեր զրուցակիցն ասաց. «Նույնիսկ եթե այդ ծախսերն անեն, ցանկության դեպքում հնարավոր է լուծել: Հիմա տեսեք, վերջին մարաթոնը, ես չեմ ասում ինչո՞ւ Արցախի համար, լավ արեցին, արեցին, բայց կարելի է մի մարաթոն էլ կազմակերպել անօթեւան ընտանիքիների համար: Պետությունը շատերին շահառու չի ճանաչել, այն պատճառով, որ իրենք երկրաշարժի հետեւանքով չեն դարձել անօթեւան, բայց մարդն ապրում է ծանր պայմաններում, բուժման կարիք ունի, բնակարանի կարիք ունի, կարելի է չէ՞ մարաթոնների միջոցով լուծել այդ խնդիրը: Չես լուծում, նոր բարդություններ է բերում: Տեսեք մոտավորապես 20 տոկոսը անօթեւան ընտանիքների այլ մարզերից է ժամանել, որովհետեւ Գյումրիում հեշտ է, կարծես թե ամբողջ Հայաստանի աղքատությունը, թշվառությունը հավաքվել է Գյումրիում: Բայց Գյումրիի բյուջեի միջոցներով հնարավոր չէ լուծել ամբողջ հայության կամ ամբողջ Հայաստանի ծայրահեղ աղքատությունը, դրա համար ամբողջ Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի այդ խնդրի լուծման վրա»:

Ըստ մեր զրուցակցի, եթե չեն ուզում լուծել Գյումրու անօթեւանության ու աղքատության խնդիրը, թող հայտարարեն, որ Գյումրին առանձնացված վայր է, ուր կարող են բնակության տեղափոխվել համայն աշխարհի աղքատները, ընչազուրկներն ու թշվառները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031